հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եվրոպական դատարանից մեկ տարի շուտ վերադարձել եմ՝  հաշվարկելով, որ այստեղ կստանամ նույնքան աշխատավարձ մինչև 70 տարեկան. Գյուլումյան

Եվրոպական դատարանից մեկ տարի շուտ վերադարձել եմ՝ հաշվարկելով, որ այստեղ կստանամ նույնքան աշխատավարձ մինչև 70 տարեկան. Գյուլումյան

Սահմանադրական դատարանի դատավորները կարող են Վարչական դատարանում վիճարկել Հայաստանի Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունած Սահմանադրության փոփոխությունները, այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

Նրա ներկայացմամբ, Հայաստանի դատական ատյաններում հաջողություն չունենալու դեպքում ՍԴ անդամները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հարցին՝ անձամբ ինքը ինչպես կվարվի, Գյուլումյանը պատասխանեց․ «Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու ու հաղթանակ տանելու»։

Ինչ վերաբերում է մյուս դատավորներին՝ Հրանտ Նազարյանին և Ֆելիքս Թոխյանին, Ալվինա Գյուլումյանը արձագանքեց․ «Կարծում եմ՝ Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը ևս չեն լռի։ Բայց դա իրենց որոշելիքն է»։

Լրագրողի հարցին, թե ամեն պարագայում պայքարելու եք, որ շարունակեք պաշտոնավարե՞լ, Գյուլումյանը պատասխանեց․

«Գիտեք, պաշտոնավարելը ինքնանպատակ չէ։ Ես մեկ տարի ժամկետից շուտ Եվրոպական դատարանից վերադարձել եմ լավ հաշվարկելով, որ այդ մեկ տարվա ընթացքում ես կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանամ այստեղ ընդհուպ մինչև 70 տարի պաշտոնավարելու դեպքում և դեռ մի բան էլ ավելի։ Բայց ես մտածել եմ, որ դեռևս ունեմ այդ ուժը, կարողությունը այնտեղ իմ ձեռք բերած գիտելիքները օգտագործել այստեղ։ Ինչ-որ մարդկանց համար հիմար որոշում է թվացել, թե ինչպես կարող էի Եվրոպան թողնել, գալ այստեղ։ Դա իմ տեսակն է։ Ես եկել եմ, որ իմ երկրում կարողանամ իրավունքի զարգացմանը նպաստել»։

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության երկու տասնյակից ավելի պատգամավորների հեղինակությամբ հունիսի 22-ին ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

Այս փոփոխություններով իշխանությունը այս նախագծով առաջարկում է դադարեցնել ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Ալվինա Գյուլումյանը, սակայն, հայտարարեց, որ այդ փոփոխությունը իրեն չի վերաբերում, ինքը պաշտոնավարումը ՍԴ-ում սկսել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

 

 

  • Կիսվել: