Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու մասին որոշում կայացնելը խայտառակ անարդարության դրսեւորում կլինի. փաստաբան
Այս պայմաններում փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու մասին որոշում կայացնելը խայտառակ անարդարության դրսեւորում կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ժիրայր Հարությունյանը։
«Ըստ ներկայացված կալանավորման միջնորդության Է.Ալեքսանյանը մնալով ազատության մեջ կարող է կատարել հանցանք, թաքնվել, օգտվելով իր հեղինակությունից ու կապերից` ազդել դեռեւս անհայտ անձանց վրա եւ թաքցնել ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր:
Սակայն արդեն շուրջ մեկ օր ազատության մեջ լինելով` միակ բանը որ նա անում է դա իր ընտանիքի եւ ընկերների ներկայությունն ու օժանդակությունը վայելելով սպասելն է դատական ակտի հրապարակմանը:
Այս պայմաններում նրան կալանավորելու մասին որոշում կայացնելը խայտառակ անարդարության դրսեւորում կլինի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը զրկել է դատավորին անձեռնմխելիությունից եւ թույլատրել նրա նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։