հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանն Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է միջանկյալ միջոց կիրառել Բաքվի դեմ

Երևանն Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է միջանկյալ միջոց կիրառել Բաքվի դեմ

Եվրոպական դատարան դիմելուց և Ադրբեջանի դեմ միջանկյալ որոշում ստանալուց հետո Հայաստանը նույնանման որոշում է սպասում նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից, որին դիմել է Լաչինչի միջանցքը շրջափակվելուց հետո:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով, կան բոլոր հիմքերը պնդելու, որ Բաքուն շարունակում է խախտել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան։ Դատարանից խնդրում են միջանկյալ միջոց կիրառել նաև Լաչինի միջանցքի հարցով։ Թե ինչ մանրամասն քայլեր կանեն այս հարցով, առայժմ փակագծեր չեն բացում։

«Բնականաբար, Լաչինի միջանցքի փակումը հասկանում ենք՝ ինչ նպատակ ունի, հասկանում ենք, որ Արցախի հայաթափմանը միտված նաև քայլ է, հասկանում ենք, որ այստեղ կա ռասիստական ատելության էլեմենտը և դա, հասկանում ենք, որ ուղղված է էթնիկ հայերի դեմ, և հատուկ ծառայության մարդկանց այնտեղ ներկայությունը, կամ զինվորա-ոստիկանական ուժերի ներկայությունը, գնալ-գալը, կամ կապ ունեցող մարդկանց՝ հատուկ մարդկանց, ընտրված մարդկանց առկայությունն այնտեղ նաև խոսում են դրա մասին», - ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, որն առաջին միջանկյալ դիմումը չէ ուղարկում ՄԱԿ-ի արդարադատության դատարան, պնդում է՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, տարբեր առիթներով, Բաքուն ապացուցում է պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը։

«Ադրբեջանում վաղուց արդեն ձևավորված, ինստիտուցիոնալ ամենաբարձր մակարդակից սկսած, կա հայատյացության շատ լուրջ քաղաքականություն, որը դրսևորվում է ատելության խոսքով՝ թե՛ կրթական համակարգում, թե՛ հասարակական կյանքում, բոլորի կողմից, այսինքն՝ ինքը շատ ներծծված է բոլոր շերտերում հասարակական կյանքի», - ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նման մի դիմում էլ Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակն ուղարկել էր սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումից հետո։ Այս բոլոր դիմումները ներառվում են Խտրականության դեմ կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում։

44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը դիմել են ՄԱԿ-ի դատարան՝ միմյանց մեղադրելով խտրականության համար։ Նախնական լսումներ էին անցկացվել, դատարանը կողմերից պահանջել էր կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը։

Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ հաջորդ ամիս դատարանում սպասվում են հիմնական լսումները։

  • Կիսվել: