ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինի շինության համար քաղաքացուն վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից կաշառք են ստացել

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինի շինության համար քաղաքացուն վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն և նույն բաժնի աշխատակից Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ Ա. Բ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինից անձամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:

 

Ըստ առաջադրված մեղադրանքների` Կ. Ս.-ն, հայտնաբերելով Երևան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ի կողմից 2022 թվականի մարտին շենքի բակում առանց թույլտվության ինքնակամ պատշգամբ կառուցելու փաստը, տեղեկացրել է, որ այդ արարքի համար նախատեսված է վարչական տույժ 1.500.000-2.000.000 ՀՀ դրամի չափով և բնակչի օգտին խնդիրը լուծելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար վերջինիս առաջարկել է հաջորդ օրը ներկայանալ քաղաքապետարան` բաժնի պետ Ա. Ս.-ին հանդիպելու նպատակով:

2022 թվականի ապրիլի 11-ին Ա. Բ.-ն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ  Ա. Ս.-ն և Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` Ա. Բ.-ից պահանջել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը, որից հետո Կ. Ս.-ն պարբերաբար Ա. Բ.-ից պահանջել է կաշառքի գումարը՝ հայտնելով, որ այն չտալու դեպքում միջոցներ կձեռնարկեն նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

2022 թվականի ապրիլի 28-ին Ա. Բ.-ն Կ. Ս.-ի ավտոմեքենայի մեջ նրան է փոխանցել 300.000 ՀՀ դրամ կաշառքը, որից անմիջապես հետո Կ. Ս.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել և վերցվել է ավտոմեքենայի զննությամբ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին և Կ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Կիսվել: