կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ենթադրյալ հանցագործությունների դեպքերով հարուցվել է 31 քրգործ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ենթադրյալ հանցագործությունների դեպքերով հարուցվել է 31 քրգործ

2018թ. հոկտեմբերից առ այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու դեպքերով հարուցվել է 31 քրեական գործ: Դրանցից 17-ի համար հիմք են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները: Դատախազության տեղեկացմամբ՝ քրեական գործերը հարուցվել են խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ հանցագործությունների հատկանիշներով:

Առանձին քրեական գործերով մեղադրյալ է ներգրավվել 12 անձ: Նրանց թվում են նաև օրեր առաջ ձերբակալված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալ Կարեն Թորոսյանը: Նրանք վնասն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո ազատ են արձակվել: Խոսքը 18 միլիոն դրամի մասին է:

Դատախազությունն ուսումնասիրության էր առել նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ավագանու հայտնի նիստի ժամանակ պաշտոնյաների կողմից զանգեր ստանալու մասին հնչեցրած հայտարարությունները. հիմքեր չլինելու պատճառով քրեական գործ, սակայն, չէր հարուցվել:
 
Հայկ Մարության - Սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ այս ծաղկի կրպակն այստեղ դնենք, այն շինթույլտվությունը տանք, այսքան հարկ ավելացնենք, այս հողն ընդլայնենք և այլն։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը, քանի ես այստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում, և բոլորը հավասար են օրենքի առաջ:

Գոռ Աբրահամյան, Գլխավոր դատախազի խորհրդական - Նկատի ունենալով, որ որևէ կոնկրետություն այդ հայտարարություններում չկային, սկզբնական փուլում ստուգողական գործողությունների հանձնարարություն էր տրվել, որպեսզի պարզվի՝ առկա՞ է արդյոք քրեական վարույթի շրջանակներում խնդիրը դիտարկելու բավարար հիմքեր, թե՞ ոչ:

Այդ նպատակով նախկին քաղաքապետը մի քանի անգամ հրավիրվել է ոստիկանություն, բայց չի ներկայացել:

Գոռ Աբրահամյան - Որոշ ժամանակ անց, իհարկե, ներկայացել էր ոստիկանություն, և գրեթե նույնը, ինչ ներկայացրել էր իր ներկայացուցիչը փոխանցել էր Քրեական ոստիկանությանը: Պարոն Մարությանը նշել էր, որ որևէ կոնկրետ հանգամանք չի կարող նշել, որևէ կոնկրետ անձի նկատի չի ունեցել, պարզապես իր հայտարարություններով, այսպես ասած, իր մոտեցումը, քաղաքական գնահատականն էր տվել այնպիսի երևույթների, որոնց հետ ինքը համաձայն չէ:

Աբրահամյանի խոսքով՝ սա է պատճառը, որ կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տվյալներ չեն հայտնաբերվել:

Այդ օրը Մարությանին աջակցող ավագանու անդամներից մի քանիսը խոսել էին նաև իրենց նկատմամբ ճնշումների մասին։ Մասնավորապես՝ «Իմ քայլի» նախկին անդամ Գրիգոր Երիցյանը հենց ամբիոնից հայտարարել էր, թե իրեն ստիպել են վայր դնել մանդատը։ Այս հայտարարությունների վերաբերյալ ևս նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակում բացատրություններ են տվել ինչպես առերևույթ ճնշումների ենթարկված ավագանու անդամը, այնպես էլ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը:

Գոռ Աբրահամյան - Նախապատրաստված նյութերի արդյունքում պարզվեց, որ, ըստ էության, խոսքը վերաբերում է ոչ թե ապօրինի ներգործություն գործադրելու հանգամանքներին, այլ քաղաքական թիմի ներսում տեղի ունեցած խորհրդակցությունների, խոսակցությունների, պայմանավորվածությունների: Մատնանշվել էր, որ գոյություն ունի քաղաքական թիմի կողմից հստակ որոշում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ, և բոլոր խմբակցության անդամների կողմից միասնական դիրքորոշում արտահայտելու կարևորությունն էր ընդգծվել:

Այս դեպքում ևս Գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել: Դատախազությունից հավաստիացնում են, որ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահման բոլոր դեպքերով տրվելու են իրավական գնահատականներ:

  • Կիսվել: