երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երեւանի փոխքաղաքապետ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Երեւանի փոխքաղաքապետ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը:

Խաչատրյանն ասաց, որ բողոքը դատարան մուտք են արել մոտ 5 օր առաջ։ Պաշտպանն ասաց, որ հաշվի առնելով գործի նշանակությունն ու ծավալները, միջնորդություն են ներկայացրել, որ կալանքի վերաբերյալ որոշման քննությունն իրականացվի բանավոր ընթացակարգով։

Հիշեցնենք, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկայի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: Մարտի 10-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, մարտի 12-ին Գեւորգ Սիմոնյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել:

Այս գործով անցնում է 11 բուժաշխատող, որոնցից 8-ի ձերբակալման ժամկետը լրացել էր, եւ նրանք ազատ են արձակվել:

  • Կիսվել: