հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լսողության խանգարումներով երեխաների հատուկ կրթահամալիրի նախկին փոխտնօրենը դատապարտվել է՝ խոշոր չափերով յուրացման համար

Լսողության խանգարումներով երեխաների հատուկ կրթահամալիրի նախկին փոխտնօրենը դատապարտվել է՝ խոշոր չափերով յուրացման համար

Հակակոռուպցիոն դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հունիսի 27-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Քննչական կոմիտեում քննված վարույթով տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա-ն ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ի ու Լ.Ս.-ի օժանդակությամբ, 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրենի անունից կազմել և ստորագրել էր Լ.Ս.-ին աշխատանքի ընդունելու վերաբերյալ  հրաման ու աշխատանքային պայմանագիր, իսկ 2018 թվականի հունվարի 12-ին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրաման:

Վերոնշյալ ժամանակահատվածներում Լ.Ս.-ն աշխատանքի չէր հաճախել, սակայն աշխատակիցների ամենամսյա աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում ներառվել էին Լ.Ս.-ի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի բյուջեից Լ.Ս.-ի անվամբ դուրս էր գրվել և յուրացման եղանակով հափշտակվել 2 մլն 797 հազար 529 դրամ:

Բացի այդ, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերվել 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների համար նախատեսված նվերներ և սննդամթերք, 2 մլն 325 հազար 500 դրամի՝ տնտեսական և կենցաղային ապրանքներ, սակայն Ա.Ա.-ն ձեռքբերված ապրանքները ՊՈԱԿ-ի պահեստ չէր մուտքագրել և յուրացման եղանակով հափշտակել էր:

Մեկ այլ դեպքում, Ա.Ա.-ն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի համար կազմել էր բենզինի դուրսգրման կեղծ պահանջագրեր և ուղեթերթիկներ: Դրանց հիման վրա՝ ՊՈԱԿ-ի միջոցներից դուրս էր գրել 2 մլն 45 հազար 500 դրամին համարժեք բենզին և դրանք օգտագործել իր անձնական կարիքների համար:

2023 թվականի հունիսի 2-ին դատախազի կողմից որոշում էր կայացվել ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով նախկին տեղակալ Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքը յուրացնելը կամ վատնելը), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):

Նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել էր:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: