ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երեք խմբակցությունով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխան թեկնածու. Գեղամ Նազարյան

Երեք խմբակցությունով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխան թեկնածու. Գեղամ Նազարյան

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը  ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածու Անահիտ Մանասյանի՝ այժմ Դատախազությունում աշխատելու փաստը կաշկանդող հանգամանք է համարում, մեղավոր է համարում երեք խմբակցություններին էլ, որ չեն կարողացել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փորձ ունեցող թեկնածուի գտնել:

Նազարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածության քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ ցանկանում է, որ ՄԻՊ-ը լինի ազատ, անկաշկանդ և չվարանի այս կամ այն երևույթի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելուց:

«Երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է մի մարդու, ով այս պահին աշխատում է Գլխավոր դատախազությունում, ինձ մոտ արդեն մտավախություն առաջացավ, քանի որ դա իրոք կաշկանդող հանգամանք է»,-կարծիք հայտնեց Նազարյանը՝ նկատելով, որ Մանասյանը իր գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվել:

Սակայն պատգամավոր դա համարում է ոչ թե Մանասյանի, այլ պետության, իրենց բոլորի խնդիրը, որ չեն կարողացել գտնել մեկին, որը իրոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել է տարիներ շարունակ՝ անկախ նրանից՝ կհավանե՞ն նրա գործունեությունը, թե՞ ոչ, կսիրե՞ն, թե՞ ոչ:

«Այս ձևով մենք ՄԻՊ կառույցը վերածում ենք Դատախազությանը կից կառույցի: Այսպես մենք հեռու չենք գնա: Այսպես ՄԻՊ ինստիտուտը չի կայանա»,-նշեց Նազարյանը:

Պատգամավորը դժգոհեց՝ ՄԻՊ թեկնածուն գնահատականներ տալուց կաշկանդվում է, անհարմար է զգում գնահատականներ տալ, քանի որ նրա ղեկավարը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հենց ԱԺ նիստերի դահլիճում է: Նա նաև նշեց՝ լսել է, որ Մանասյանն իր ոլորտում շատ լավ մասնագետ է: «Հիմա պետությունը կորցնում է լավ մասնագետի, որը իր տեղում պետք է լիներ, իր տեղում աշխատեր: Բայց կրկնում եմ՝ սա Ձեր մեղավորությունը չէ, սա մեր բոլորի մեղավորությունն է, որ 3 խմբակցություններով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների իսկական պաշտպանի»,-ասաց Նազարյանը:

  • Կիսվել: