Եկեք գործը այնպես բռնենք, որ այս գործը բացահայտվի, ոչ թե դատախազության հորինված մեղադրյալները շարունակեն պահվել կալանքի տակ․ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ
Մենք անվստահություն ենք հայտնել փորձաքննությանը և եթե բոլոր այստեղ հավաքվածներս միտված ենք՝ այս գործը բացահայտվի և բոլորս իմանանք, թե տվյալ ստորաբաժանումը ինչու չզարթնեց և ինչի այսպես եղավ, եկեք մի հատ անկախ փորձաքննություն նշանակեք, ըստ դրա մենք իմանանք հստակ պատճառը, թե այդ երեխեքը ինչից են մահացել: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննության ժամանակ իր խոսում նշեց մեղադրյալներից Մառլեն Սարգսյանը:
Նա նշեց. «Եթե իրոք մենք բոլորս այստեղ հավաքված ենք, որ իմանանք մեր այդ հայ երեխեքը ինչի մահացան, եկեք գործը այնպես բռնենք, որ այս գործը բացահայտվի, ոչ թե դատախազության հորինված մեղադրյալները շարունակեն պահվել կալանքի տակ: Ասում են՝ ռիսկերը մեծ են, ինչի՞ ռիսկն է մեծ: Այսինքն ես, իմ սաղ կյանքը ներդնելով ՀՀ անվտանգությանը, այսօր դիտարկվում եմ որպես շարքային հանցագո՞րծ, ո՞ւմ կողմից:
Ես կհորդորեի, որ իմ անցած ուղին ոչ թե բացասական կերպով գնահատել, այլ վերցնել որպես օրինակ ու առաջնորդվել թե որպես ուսադիր կրող, թե որպես հայ տղա, թե որպես արժանապատվություն ունեցող անձ։ Մեզ կալանքի տակ պահելով, այս հարցը ի՞նչ լուծում է ստանալու»:
Նա նաեւ հայտարարեց, որ այս նիստից հետո հրաժարվելու է իր պաշտպանից և խնդրելու է դատարանին, որ իրեն ապահովեն հանրային պաշտպանով: