երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Դեռ մեկ ամիս առաջ ինձ «խորհուրդ են տվել» հեռացման դիմում գրել. Վիրաբյան

Դեռ մեկ ամիս առաջ ինձ «խորհուրդ են տվել» հեռացման դիմում գրել. Վիրաբյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը սեպտեմբերի 8-ին իր ֆեյսբուքյան էջին գրել էր, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում խախտումներ են հայտնաբերվել, ինչի արդյունքում տնօրեն Ամատունի Վիրաբյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից:

Այսօր Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրեն դեռ մեկ ամիս առաջ են ՛՛խորհուրդ տվել՛՛ հեռացման դիմում գրել` հասկացնելով, որ հակառակ դեպքում կարող են որոշակի հետեւանքներ լինել: 

Վիրաբյանի խոսքով՝ չի բացառվում, որ աշխատանքից իր հեռացումը պայմանավորված լինի քաղաքական որոշմամբ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Միգուցե արդարադատության նախարարը լիովին չի ծանոթացել այն օրենքին, որով ինձ հեռացրեցին աշխատանքից, կամ հապճեպ որոշում է կայացրել, քանի որ այդ հիմքով ինձ պետք է աշխատանքից հեռացնեին դեռ 2018-ի օգոստոսին, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք հիմա դա հիշեցին:

Խնդիրն այն է, որ, ըստ օրենքի, ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց դա մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը բյուջեով նախատեսված չէր: Այս ընթացքում մեր բյուջեն աճել է 20 տոկոսով, որտեղից էլ վճարվում են հարկերը: Եթե ​​մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա հանրապետության բոլոր ՊՈԱԿ-երը ստուգումների դեպքում նույն խնդրի առաջ են կանգնելու՛՛:

Վիրաբյանը միևնույն ժամանակ նշեց, որ այլ ՊՈԱԿ-ներում ևս նման խնդիր է առաջացել, սակայն միայն իրեն են այս խնդրի պատճառով հեռացրել աշխատանքից:

  • Կիսվել: