հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի քննությունն ավարտվել է. փաստաբանները ներկա չեն եղել նիստին

Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի քննությունն ավարտվել է. փաստաբանները ներկա չեն եղել նիստին

Բարձրագույն դատական խորհուրդն ավարտել է դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ խորհուրդը թույլ չի տվել, որ փաստաբանները ներկա լինեն նիստին:

Նշենք, որհրապարակման օրը նշանակվել է հուլիսի 3-ը:

՛՛Դավիթ Հարությունյանի դուրս գալով՝ ընդամենը 10 րոպե անց ավարտեցին: Նշանակում է, որ իրենք արեցին ամեն ինչ, որ նույնիսկ փաստաբանները վերև չբարձրանան: Զուգադիպություն չէ նաև այն, որ հուլիսի 3-ը պարոն Հարությունյանի ծննդյան օրն է, նրանք դիտավորյալ հենց այդ օրն են ուզում հրապարակել՛՛,-ընդգծեց Սարգսյանը:

Նա խոսեց նաև Արդարադատության նախարարության բուն միջնորդության մասին՝ ասելով. ՛՛Ըստ միջնորդության՝ պարոն Հարությունյանը երբ նշել է, որ չի կարող բացարձակ կոնենսուս լինել ԲԴԽ-ում, այսինքն՝ եթե 10 անդամ կան տարբեր մակարդակի, ապա չեն կարող մշտապես նույն որոշումները կայացնել... Ինչու՞ է նա այդպես ասել, որովհետև ԲԴԽ անդամներից մեկը հայտարարել էր, որ բոլոր որոշումները կայացվում են բացարձակ կոնսենսուսով: Արդարադատության նախարարությունը, Հարությունյանն ասում է, ԲԴԽ-ն միաձայն որոշումներ չի կարող կայացնել, ուրեմն այդ բառի թարգմանությունն է՝ առանց քվեարկության և համաձայնության որոշում կայացնել: Արդյոք ԲԴԽ-ում կարո՞ղ է լինել իրավիճակ, որ առանց քվեարկության համաձայնության որոշում կայացվի. խայտառակություն կլինի, եթե որևէ մեկն ասի՝ այո՛՛:

Սարգսյանն ընդգծեց, որ Հարությունյանն իր խոսքով որևէ դատական ակտ չի քննադատել և դրա օրինականությունը կասկածի տակ դրել. ՛՛Դա Արդարադատության նախարարության ենթադրությունն է, ինչը հաստատվեց նաև նիստի ժամանակ, որովհետև մենք խնդրեցինք մատնացույց անել այն հատվածը, որտեղ Հարությունյանը նման մոտեցում ունի, նրանք չկարողացան, կրկին նշեցին, որ դա իրենց ենթադրությունն է՛՛:

Հիշեցնենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը եւ այն անթույլատրելի համարել:

  • Կիսվել: