ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դավիթ Արղամանյանը չի քննի Իգոր Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը. նա ինքնաբացարկ հայտնեց. փաստաբան

Դավիթ Արղամանյանը չի քննի Իգոր Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը. նա ինքնաբացարկ հայտնեց. փաստաբան

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, վերաբերյալ կալանքի միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ փաստաբան Պողոսյանը։

Նշենք, որ փաստաբանը Դավիթ Արղամանյանին ի սկզբանե միջնորդել էր ինքնաբացարկ հայտնել այն հիմքով, որ իրեն գործը մակագրվել է ոչ թե համակարգչային եղանակով, այլ ձեռքով։ Դատավորն այդ միջնորդությունը մերժել էր, որից հետո Միհրան Պողոսյանը մեկ այլ հիմքով կրկին միջնորդություն էր ներկայացրել ինքնաբացարկ հայտնելու։ Մասնավորապես, 2020 թվականին Դավիթ Արղամանյանի հայրը, որը հանդիսանում է Վերաքննիչ դատարանի դատավոր, քննելով Արմեն Գեւորգյանի հարազատների վերաբերյալ բողոքը, ինքնաբացարկ էր հայտնել այն հիմնավորմամբ, որ իր որդին՝ Դավիթ Արղամանյանը, մասնակցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին.

Պողոսյանն ասաց, որ Դավիթ Արղամանյանը չհերքեց այդ հանգամանքը, նշեց, որ մասնակցել է բողոքի ակցիաներին։ ՛՛Մենք որպես փաստարկ ներկայացրինք այն հանգամանքը, որ այդ նույն քրեական գործով, որով քաղաքական ակցիաների էր մասնակցում Դավիթ Արղամանյանը, ամբաստանյալ է հանդիսացել նաեւ Իգոր Խաչատուրովի հայրը՝ Յուրի Խաչատուրով՛՛,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին մասնակցելիս։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրովը ոստիկանի նկատմամբ բռնություն է գործադրել։

  • Կիսվել: