շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատավորը խեղաթյուրել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ապացույցները՝ հօգուտ ՊԵԿ նախկին նախագահի

Դատավորը խեղաթյուրել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ապացույցները՝ հօգուտ ՊԵԿ նախկին նախագահի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Ալեքսեյ Սուքոյանի, մասնակի բավարարել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայցադիմումն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան պահանջում է, որպեսզի լրատվամիջոցը հատուցի իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը, ինչպես նաև հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստական տվյալները: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել, գրում է «Հետքը»։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը հետաքննությունների շարք էր հրապարակել, որով բացահայտվել էին ՀԴՄ սարքերի գնման կասկածելի գործարքները: Հայտնել էինք, որ ՊԵԿ-ը «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ՀԴՄ սարքերը գնել է իրական արժեքից 70% բարձր գնով: Իսկ նշված ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% ավել։ 

Վարդան Հարությունյանի հայցի հիմքը դարձել է «ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով. հարուցվել է քրեական գործ» հոդվածը, որը մեծամասամբ մեր հոդվածների հիման վրա ՊԵԿ-ի բացահայտման մասին էր։

Առաջին ատյանի դատարանը միայն մի դրվագով է արձանագրել, որ լրագրողի անբարեխղճության մասին խոսք լինել չի կարող, քանի որ արտահայտությունը հոդվածի ամբողջական համատեքստում դիտարկելու պայմաններում ակնհայտ երևում է, որ լրագրողը մեջբերել է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից հատված՝ «ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով, պետության օրինական շահերին էական վնաս են պատճառել»: Բացի այդ, լրագրողը հավելել է, որ կոմիտեն չի պարզաբանել, թե ովքեր են ՊԵԿ այդ բարձրաստիճան պաշտոնյաները։ Մնացած դրվագներով, որ ՊԵԿ-ը «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից  ՀԴՄ սարքերը գնել է 70%-ով բարձր գնով, ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին և այլն, համարել է զրպարտություն:

Նշենք, որ «Հետք»-ը վրացի գործարարի անունից նամակ էր գրել չինական «PAX Technology» ընկերության գլխամասային գրասենյակին՝ տեղեկացնելով, որ ցանկանում է այդ սարքերից ներկրել անմիջապես ընկերությունից և խնդրել էր հայտնել «PAX S900»-ի արժեքը։ Ընկերությունից նախ ճշտել էին, թե ինչ քանակի ՀԴՄ-ներ է ուզում ներկրել վրացի գործարարը՝ տեղեկացնելով, որ «գինը կախված է քանակից»։ Մեր պատասխանում փոքր խմբաքանակ էինք նշել՝ 150-200 հատ: Պարզվել էր, որ սարքն այս դեպքում արժե 185 ԱՄՆ դոլար (մոտ 90 հազար դրամ):

Ուշագրավն այն է, որ դատարանը հիմք է ընդունել Վարդան Հարությունյանի ներկայացուցչի՝ դատարան ներկայացված «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ-ի և «Պաքս Տեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև էլեկտրոնային փոստի միջոցով կատարված նամակագրության թարգմանությունը: Դրա համաձայն՝ «Պաքս Տեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը հավաստել է, որ որպես վրացի գործարար ներկայացած անձից ստացել են հարցում, որի մեջ չի նշվել, թե որ տեխնիկական բնութագրերին պետք է համապատասխաներ պահանջվող արտադրանքը: Հետազոտության բովանդակությունն ընդհանուր էր, բրյոշուրը պարունակում էր Pax S900 հիմնական տարբերակը՝ միայն GPRS կազմաձևերով:

«Պաքս Տեքնոլոջի Լիմիթեդ»-ը նշել է նաև, որ վրացական ընկերության պահանջած և 2017թ. ՊԵԿ-ին վաճառված սարքի տեխնիկական բնութագրերն ունեն զգալի տարբերություններ, օրինակ՝ գործառական համակարգի փոխում, ադապտացիա ֆիսկալային հիշողության մոդուլի հետ՝ անխափան շահագործման համար, տուփի վրա հայերեն տառերով տպագրություն և այլն: Ապա ավելացրել, որ ընկերությունը իրականացնում է թիրախային կողմնորոշման կառավարում և շուկայի հասանելիությունը պահպանելու կամ խորացնելու ունակության շրջանակներում ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր պետության կամ տարածաշրջանի հետ համագործակցության հնարավորությունը, ներառյալ՝ գնային քաղաքականությունը:

Դատարանն ապացույց է համարել «Սմարթ Սոլուշնս» և «ՊաքսԹեքնոլոջի» ընկերությունների նամակագրությունը այն դեպքում, երբ այս երկու ընկերություններն առևտրային գործարքի շահագրգիռ կողմ են։ Նրանց նամակագրության անաչառությունը դատարանի համար պետք է կասկածելի լիներ, քանի որ կարող էր համաձայնեցվել առևտրային գործարքի հայկական կողմի՝ ՊԵԿ նախագահի հետ (ի դեմս Վարդան Հարությունյանի)։

Քննության առարկա հոդվածում կա նշում, որ ՊԵԿ-ը 2019թ. քրեական գործ է հարուցել է ՀԴՄ-ների գնման գործով, որի շրջանակներում պարզվել է, որ ՀԴՄ-ների «պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից բարձր գնով»։ Թեև ՊԵԿ-ի քրգործի համար հիմք են հանդիսացել «Հետք»-ի հոդվածները, սակայն վերոնշյալ ձևակերպումը ՊԵԿ-ի քննության արդյունք է, «Հետք»-ն իր հոդվածներում այդպիսի նշում չէր արել, քանի որ չուներ սարքի պայմանագրային գինը։ Այս փաստը ավելի է ընդգծում այն հանգամանքը, որ չինական ընկերությունը ևս գործարքի կողմ է, քանի որ պայմանագիրը, որում նշված գինը, ըստ հարկային մարմնի, գերազանցում է իրական արժեքը, ստորագրված է նաև չինական ընկերության կողմից։

Դատարանը նշել է, որ ապացույց չի ներկայացվել Վարդան Հարությունյանի և «Սմարթ Սոլուշնս» ընկերության փոխկապակցվածության փաստը հրապարակելիս լրատվամիջոցի բարեխղճության մասին։

Իրականում, հոդվածում մանրամասն նկարագրվել է, թե ինչպես են լրագրողները հանգել ընկերության գրանցված բաժնետերերի առնչությանը Վարդան Հարությունյանի և Կարեն Կարապետյանի մտերիմներին և գործընկերներին։ Հոդվածում վերահրապարակվել են սոցիալական ցանցերի բաց աղբյուրներից վերցված լուսանկարներ, որոնք ակնհայտ ընկերական շրջանակում արված լուսանկարներ են և որտեղ Կարեն Կարապետյանի որդին և ընկերության բաժնետեր, բժիշկ Գոռ Անանյանը միասին են։

Ընկերության մյուս բաժնետերը՝ Շանթ Եղիազարյանը, աշխատում է Վարդան Հարությունյանի ընտանիքին պատկանող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում։ Նա ռեստորանային համալիրի մենեջերն է։

Նշված փաստերը բավարար ապացույցներ են առ այն, որ այս բաժնետերերը փոխկապակցվում և առնչվում են Վարդան Հարությունյանի և Կարեն Կարապետյանի մտերիմներին։

«Հետք»-ը դատարանում Վ. Հարությունյանի ներկայացուցչի վկայակոչած հոդվածներից մեկում գրել է, որ Վ. Հարությունյանն ու Կ. Կարապետյանը փոխկապակցված են ոչ միայն «Սմարթ Սոլուշնս» ընկերության, այլև ՀԴՄ-ների սպասարկմամբ զբաղվող մեկ այլ՝ «Թորփայս» ընկերության հետ, որը գործունեություն է իրականացնում Շիրակի մարզում։

Մասնավորապես, գրել ենք. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ ընկերության սեփականատերը ծանրամարտիկ Սլավիկ Ջանոյանն է։ Նրա հայրը Աղասի Ջանոյանն է՝ «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մասնաճյուղի իրացման բաժնի պետը։ Նշենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկար տարիներ աշխատել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, Աղասի Ջանոյանը նրանց նախկին գործընկերն է»։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկյացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց, որ դատարանը ոչ միայն դուրս է եկել պահանջի շրջանակներից, այլև խեղաթյուրել է հայցվորի պահանջը։ Հայցվորի պահանջը վերաբերել է 07.08.2019թ. հրապարակված հոդվածին, իսկ դատարանը վճռել է պարտավորեցնել հերքելու դրանից վաղ տպված հոդվածներում նշված տեղեկությունները։

Դատարանը զրպարտություն է դիտարկել ՀԴՄ սարքերը 70% բարձր գնով ձեռք բերելու մասին լրագրողի նշումը, այն դեպքում, երբ այդ տվյալը լրագրողը ստացել էր վաճառող չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից, որի վերաբերյալ դատարանին ներկայացվել են համապատասխան ապացույցներ, և կողմերը դրա մասին վեճ չունեին, ինչպես նաև, եթե նույնիսկ այդ տեղեկությունը իրականությանը չէր համապատասխանում, ապա, միևնույն է, այն չի կարող համարվել զրպարտություն։

«Նախ՝ դատարանը ևս մեկ անգամ դուրս գալով գործի շրջանակներից և խախտելով տնօրինչականության սկզբունքը՝ պարտավորեցրել է «Հետք»-ին հերքել տեղեկությունը նաև Կարեն Կարապետյանի մասով, այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանի կողմից նման պահանջ չի ներկայացվել, ինչպես նաև չի կարող զրպարտություն համարվել ինչ-որ մեկի մտերիմը լինելը»,-հավելեց փաստաբան Տոնոյանը:

  • Կիսվել: