կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատավոր Ռշտունին պահանջեց ամփոփ ուսումնասիրություն ներկայացնել. նիստը հետաձգվեց

Դատավոր Ռշտունին պահանջեց ամփոփ ուսումնասիրություն ներկայացնել. նիստը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդությունը։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատեւ արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։

Ինչպես նշեց դատավոր Ռշտունին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին զեկուցագրում նշվել է, որ կատարվել է ամփոփ ուսումնասիրություն։ Դատավորը պահանջեց՝ ամփոփ ուսումնասիրությունը տրամադրել իր ներկայացուցիչներին։

Ըստ դատավորի՝ ինքն ականատես չի եղել նման դեպքի, երբ արձակուրդ գնալու հիմքով գործերը հանձնելու համար ինչ-որ անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի:

Նշենք, որ միջնորդության քննությունը հետաձգվեց, քանի որ խորհրդի անդամներն այսօր մասնակցելու էին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի մոր հոգեհանգստի արարողությանը։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատեւ արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։

 

  • Կիսվել: