ԲԴԽ-ն չի կատարել ՍԴ-ի որոշումը. Դավիթ Հարությունյանը երկրորդ գանգատն է ուղարկել ՄԻԵԴ
Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկուկես տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, երկրորդ գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում է նրա ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը:
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրության բարձր աստիճանը՝ տեղեկացնում եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթով ՀՀ ԲԴԽ կողմից կայացված չվերանայելու մասին որոշման կապակցությամբ ՄԻԵԴ է ներկայացվել հերթական գանգատը: Գանգատով շարադրված փաստակազմով հիմնավորվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի` դատարանի մատչելիության, արդարացի և հրապարակային դատաքննության, անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները (երաշխավորված համապատասխանաբար` ՄԻԵԿ 6-րդ և 13-րդ հոդվածներով): Հետագա զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- Facebook-ի իր էջում գրել է Զորայր Հարությունյանը: