երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Դատավոր Դանիբեկյանը Արմեն Գևորգյանին թույլատրեց մեկնել Մոսկվա

Դատավոր Դանիբեկյանը Արմեն Գևորգյանին թույլատրեց մեկնել Մոսկվա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, «Սիլվայի գործով» դատական նիստին այսօր՝ հունիսի 28-ին, թույլատրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին մեկնել Մոսկվա։

Նշենք, որ Արմեն Գեւորգյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի աշխատանքներին։ Նա Մոսկվայում կլինի հուլիսի 9-ից 13-ը։

Բացի այդ՝ դատարանն այսօր հետազոտել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի կաշառքի գործով առկա փաստաթղթերը:

Դրանցից մեկը, ըստ պաշտպանական կողմի, պատշաճ թարգմանված չէ, հետևաբար այն չի կարող օգտագործել վարույթն իրականացնող մարմինը։

Պաշտպանները միջնորդել են փաստաթուղթը թարգմանելու համար թարգմանիչ ներգրավել, որի մասնակցությունը դատարանը կապահովի հաջորդ նիստին:

Հավելենք նաեւ, որ «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց։

Դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացվեց՝ գործում առկա ապացույցները հետազոտելիս թարգմանչի մասնակցությունն ապահովելու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին։

 

  • Կիսվել: