երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Դատավարական բոլոր գործողություններն իրականացվել են խախտումներով. Հովհաննես Խուդոյան

Դատավարական բոլոր գործողություններն իրականացվել են խախտումներով. Հովհաննես Խուդոյան

Առաջին բողոքի քննությունը սպառել ենք, որոշում դեռ չի կայացվել, ձերբակալման մասով քննարկումներ ունեցել ենք: Վաղը ժամը 11-ին շարունակվելու է գործի քննությունը կալանքի միջնորդության մասով: Այս մասին այսօր «5-րդ ալիք» ՀԸ-ի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալության բողոքի քննության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ձերբակալության բողոքի քննության նիստը սկսելու պահին ՀՔԾ քննիչը ներկայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: Համաձայն օրենսդրության՝ երկու հարցը պետք է քննվի մեկ պրոցեսով: Առաջին բողոքի քննությունը սպառել ենք, ձերբակալման մասով քննարկումներ ունեցել ենք: Վաղը ժամը 11-ին շարունակվելու է գործի քննությունը կալանքի միջնորդության մասով»

Խուդոյանը հավելեց, որ դատարանից ժամանակ են խնդրել՝ նյութերն ու հիմնավորումներն ուսումնասիրելու համար:

Պատասխանելով հարցին, թե միջնորդության մասով ի՞նչ որոշում է կայացվել, Խուդոյանը նշեց, որ պնդել են, որ ձերբակալությունն իրավաչափ չի եղել, քանի որ որևէ պնդում, թե Թավադյանը որևէ ապօրինի գործողություն է կատարել, այս պահին չկա գործի նյութերում:

Պաշտպանը տեղեկացրեց, որ այդ պարագայում անձին չեն կարող ոչ միայն ձերբակալել, այլ նաև որևէ կարգավիճակով հարցաքննել: Նա նշեց, որ իրենք պարզաբանում չեն ստացել, թե ինչի համար է Թավադյանը ձերբակալված:

Խուդոյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե՝ Թավադյանը բարձրաստիճան պետական պաշտոնյա չէ, այդ դեպքում ինչո՞ւ է նրան ձերբակալում ՀՔԾ-ն: Պաշտպանն ասաց, որ այդ հարցը պատրաստվում են բողոքարկել հետագայում և նշել՝ ՀՔԾ-ն այսօր այն մարմինն է, որն առավել մեծ անվստահություն է վայելում:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե, այնուամենայնիվ, Թավադյանը կալանավորվի, ի՞նչ են պատրաստվում անել: Խուդոյանը նշեց. «Երեկվանից սկսված բոլոր դատավարական գործողություններն իրականացվել են խախտումներով: Քանի որ այս պահին հրատապ է ազատության հետ կապված հարցը, բողոքարկում ենք այդ հարցը: Լիահույս եմ, որ պարոն Մարիտիրոսյանը եղած նյութերի պայմաններում չի տեսնի նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը հատող որևէ գործողություն, որով Թավադյանին կարող է մեղադրանք առաջադրվել»:

Նա խոսեց նաև  Թավադյանի գույքի խուզարկման մասին և ասաց, որ խուզարկմանը մասնակցել է. վերցվել են դրամական և նյութական միջոցներ, որոնք գործի հետ կապ ունենալ չեն կարող: Նա վստահեցրեց, որ այդ գործողությունները նույնպես կբողոքարկեն:

Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բողոք է ներկայացրել դատարան՝ կապված իր պաշտպանյալի կալանավորման հետ։ 

Նշենք նաև, որ երեկ Արմեն Թավադյանը կալանավորվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհ Վարուժան Մկրտչյանի գործով։ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 340 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Ոստիկանության տվյալներով՝ Վարուժան Մկրտչյանը իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներից մեկին եւ առաջարկել է հրաժարվել տուժածի կարգավիճակից, ցուցմունքներից եւ չներկայնալ դատական նիստին՝ հայտարարելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետությունը պետք է վճարի որպես դրամական փոխհատուցում։

Ի դեպ՝ դատարանի շենքի դիմաց ընթանում է բողոքի ցույց՝  Արմեն Թավադյանի հանդեպ գործողությունների դեմ:

  • Կիսվել: