հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատարանը որոշեց Իգոր Խաչատուրովին 1 մլն դրամ գրավով ազատ արձակել

Դատարանը որոշեց Իգոր Խաչատուրովին 1 մլն դրամ գրավով ազատ արձակել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր որոշեց փոփոխել Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն` դատարանը առանց առանձին սենյակ հեռանալու կարող է տվյալ փուլում որոշում կայացնել ամբաստանյալի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ:

Այսպիսով՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը փոխել 1 մլն դրամ գրավով:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին։

  • Կիսվել: