երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դատարանը մերժել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայցը, ՔՈ-ն առաջիկա օրերին կհրապարակայնացնի ամբողջ տեղեկատվությունը՝ ապացույցներով․ «Հրապարակ»

Դատարանը մերժել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայցը, ՔՈ-ն առաջիկա օրերին կհրապարակայնացնի ամբողջ տեղեկատվությունը՝ ապացույցներով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչական դատարանն ապրիլի 11-ին հրապարակված որոշմամբ մերժել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայցը, որով կուսակցությունը պահանջում էր չեղյալ հայտարարել Սիսիանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Բանն այն է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Սիսիան համայնքի սեփականությունը հանդիսացող էլեկտրասյուների վրա զոդվել են վահանակներ, որոնց վրա քարոզարշավի 24 օրերից 18-ի ընթացքում փակցված է եղել ՔՊ ցուցակի առաջին համար Արման Հակոբջանյանի նկարը, որն այդ ժամանակահատվածում եղել է Սիսիան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, այսինքն՝ ըստ հայցվորների՝ վերջինս վարչական ռեսուրս է կիրառել, քանի որ եղել է համայնքապետ եւ համայնքին պատկանող գույքն օգտագործել է նախընտրական քարոզչության համար։

ՔՈ-ն նախ դիմել է տարածքային ընտրական հանձնաժողովին՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները, սակայն հանձնաժողովն ասել է, որ բուն քվեարկության օրը որեւէ խախտում չի եղել, հետեւաբար, ընտրություններն անվավեր ճանաչվել չեն կարող, ինչից հետո ՔՈ-ն դիմել է վարչական դատարան։ Այս հայցով Հանրապետական կուսակցությունն ու ՔՊ-ն ընդգրկվել են որպես երրորդ անձ, ՀՀԿ-ն նշել է, որ համակարծիք է ՔՈ-ի ներկայացրած փաստարկների հետ, ՔՊ-ի ներկայացուցիչը չի ներկայացել դատաքննությանը։ Վարչական դատարանը՝ դատավորներ Պետրոսյանի, Դարբինյանի եւ Առաքելյանի նախագահությամբ, գտել է, որ տվյալ խախտումն ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չի ունեցել, քանի որ ՔՈ-ն հավաքել է 5 անգամ պակաս քվե, քան ՔՊ-ն։ Մեզ հետ զրույցում ՔՈ ներկայացուցիչ Վարդան Բալյանն ասաց, որ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան․ «Մերժել են ակնհայտ անօրինական, բացահայտ քաղաքական դրդապատճառներով, ու քանի որ գնացին այդ ճանապարհով, մենք առաջիկա օրերին կհրապարակայնացնենք ամբողջ տեղեկատվությունը՝ ապացույցներով, սրանց այլանդակությունների մասին տեսանյութեր, ձայնագրություններ, փաստաթղթեր։ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդումներ կներկայացնենք, իսկ կայացված վարչական ակտի դեմ բողոք կներկայացնենք ՀՀ Վճռաբեկ դատարան»։

Ամբողջական հոդվածը ՝«Հրապարակ օրաթերթ» այսօրվա համարում։

  • Կիսվել: