ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատարանը մերժեց դատավոր Կարեն Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց դատավոր Կարեն Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց Հակոբ Մարտիրոսյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կողմից դատավոր Կարեն Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը չքննի Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքը։ 

Խոսքը նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի՝ դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

  • Կիսվել: