Դատարանը բավարարեց միջնորդությունը․ Արա Բաբլոյանը կարող է ժամանակավորապես մեկնել ՀՀ-ից
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան-Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը, որի ընթացքում դատավոր Հարություն Մանուկյանը բավարարեց Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը՝ իր վստահորդին ՀՀ-ից ժամանակավորապես մեկնելու վերաբերյալ:
Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց Արա Բաբլոյանին թույլ տալ լքել ՀՀ-ն որոշ ժամանակով: Մեղադրող կողմն առարկություն չուներ միջնորդության վերաբերյալ: Դատավորն էլ նշեց, որ դատարանը, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի Հանրապետության հետ, զբաղեցրած պաշտոնը, պատշաճ վարքագիծը, որոշում է բավարարել միջնորդությունը.
«Դատարանը բավարարում է պաշտպանի միջնորդությունը և պարոն Բաբլոյանին թույլատրում է միջնորդությամբ նշված ժամանակահատվածում միջնորդությամբ նշված վայր մեկնել և վերադառնալ»,- ասաց դատավորը։