ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դատարաններին ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է, սա աննախադեպ բարձր ցուցանիշ է․ Վարդևանյան

Դատարաններին ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է, սա աննախադեպ բարձր ցուցանիշ է․ Վարդևանյան

Առկա է կալանավորումների բավարարման աննախադեպ բարձր ցուցանիշ։ Այս մասին ԱԺ-ում կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ աշխատանքային քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին փորձել է պարզել խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վիճակագրական տվյալները, և, ըստ պատգամավորի, պատկերը ծայրահեղ անհանգստացնող է եղել։

«Դատարաններին ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է, սա չի կարող նորմալ լինել։ ԲԴԽ-ն ասում էր՝ «դատավորներ, շատ մի խորացեք՝ հիմնավոր կասկածը գնահատելիս, քննիչը մի քանի փաստական տվյալ է բերել, բավարարեք, անցեք առաջ»։ Արդարադատություն նախարարությունն էլ օգտագործում է կարգապահական վարույթների հարուցումը որպես դատավորների նկատմամբ ճնշումների, ընդհուպ հաշվեհարդարի հերթական գործիք, ու արդյունքում ունենում ենք շատ վտանգավոր պատկեր՝ կալանավորումների բավարարման աննախադեպ բարձր ցուցանիշ»,-ասաց նա։

 

Ըստ Վարդևանյանի՝ կալանավորումների բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև նրանով, որ դատարաններն ուղղակի ասում են՝ կա խոչընդոտելու, թաքնվելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկ։ «Թե դա ինչո՞վ է պայմանավորված, ո՞ր փաստական տվյալն է հիմքում, չեն ասում»,-նշեց նա։

Անդրադառնալով դատական գործերի՝ «ձեռքով» մակագրման կարգի խախտումներին՝ Վարդևանյանը նշեց, թե արդեն նույնսիկ դատարանների աշխատակազմերի ղեկավարներն են մակագրման հարցերով զբաղվում, ինչը, ըստ նրա, աբսուրդ է։

  • Կիսվել: