ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա` դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին եւ 13-րդ կետերով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականը, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ, սահմանված կարգով, բացել էին խցի դուռը՝  ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային եւ կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով:

Վերջինս, մոտենալով խցի դռանը, նշված պարագաները վերցնելու պահին ձեռքին եղած ածելիով քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներին պատճառել էր կտրած վերքի ձեւով, առողջության կարճատեւ քայքայումով առողջության թեթեւ վնասվածքներ:

Շարունակելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել էր նաեւ ինքն իրեն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

  • Կիսվել: