հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դատախազությունը պնդում է, որ Սաշիկ Սուլթանյանի իրավունքները չեն խախտվել. HRW

Դատախազությունը պնդում է, որ Սաշիկ Սուլթանյանի իրավունքները չեն խախտվել. HRW

Հայաստանի իշխանությունները պնդում են կեղծ քրեական մեղադրանքները իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հայտարարել է Human Rights Watch-ը: Մեղադրանքները կապված են Սուլթանյանի տված առցանց հարցազրույցի հետ, որում նա խոսել է մի շարք խնդիրների մասին, որոնց, իր կարծիքով, բախվում է եզդիական համայնքը Հայաստանում:   Հայտարարության թարգմանությունը տրամադրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

«Չնայած Հայաստանի իշխանությունները կարող են համաձայն չլինել Սուլթանյանի հարցազրույցի բովանդակության հետ, դրանում նրա արտահայտած կարծիքները լիովին տեղավորվում են միջազգային իրավունքով պաշտպանվող իրավաչափ խոսքի սահմաններում», - ասաց Գիորգի Գոգիան, Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցացված տնօրենը: «Իշխանությունները պետք է անհապաղ հրաժարվեն Սուլթանյանին առաջադրված մեղադրանքներից և ապահովեն, որ անհարկի միջամտություն չլինի նրա օրինական իրավապաշտպան աշխատանքին»:

Սուլթանյանը՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է, որը 2018 թվականից աշխատում է Հայաստանում համայնքների մոբիլիզացման, իրազեկման մակարդակի բարձրացման և հակակոռուպցիոն խնդիրների շուրջ:

2020թ. հոկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեական հետապնդում է սկսել Սուլթանյանի դեմ՝ հիմնվելով այն հարցազրույցի վրա, որը նա տվել էր Yezidinews.am կայքին, որը հրապարակվել էր 2020 թվականի հունիսին: Քննիչը վկայակոչում է Սուլթանյանի մի քանի հայտարարություններ` Հայաստանում ազգային և էթնիկ փոքրամասնություն հանդիսացող եզդիների շրջանում ազգային թշնամանք հարուցելու քրեական հետապնդումը հիմնավորելու համար:

Քննիչը վկայակոչել է Սուլթանյանի հարցազրույցի հայտարարությունները, որոնք, ի միջի այլոց, պնդում էին, որ եզդիները Հայաստանում խտրականության են ենթարկվում, որ չեն կարողանում ուսումնասիրել իրենց լեզուն կամ զարգացնել իրենց մշակույթը, և որ նրանք բավարար չափով ներկայացված չեն տեղական ինքնակառավարման մարմիններում: Քննիչը վկայակոչել է նաև Սուլթանյանի այն պնդումները, թե հայերը բռնազավթել են եզդիական ունեցվածքը, որ իշխանությունները չեն պաշտպանում նրանց իրավունքները, և որ եզդիները ապրում են «վախի մեջ»:

Հետաքննությունը, ամենայն հավանականությամբ, հարուցվել է՝ հիմնվելով արմատական խմբավորում հանդիսացող «Վետո» շարժման առաջնորդի բողոքի հիման վրա, որը ձեռք է բերել մարդու իրավունքների պաշտպանների դեմ ագրեսիվ թշնամանք սերմանողի համբավ Հայաստանում:

Քրեական գործը խնդրահարույց է նաև դատավարական տեսանկյունից, հայտարարել է Human Rights Watch-ը: Չնայած հետաքննությունը սկսվել է 2020թ. հոկտեմբերին, իշխանությունները Սուլթանյանին տեղեկատվություն են տրամադրել այդ մասին միայն 2021թ. մայիսին: 2020թ. նոյեմբերի 21-ին ստացված պատասխանում` տեղեկատվություն ստանալու պաշտոնական հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ն Սուլթանյանին հաստատել է, որ քրեական հետաքննություն է իրականացվում, սակայն նրան չի տրամադրել որևէ լրացուցիչ տեղեկություն կամ հետաքննությունն սկսելու մասին որոշման պատճեն: ԱԱԾ-ն Սուլթանյանին տեղեկացրել է, որ հետաքննության ընթացքում նա չունի դատավարական կարգավիճակ, ուստի չի կարող պահանջել գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: Սուլթանյանի հետ տեղեկատվություն փոխանակելուց հրաժարվելը նույնիսկ այն ժամանակ, երբ նա հանդիսանում էր քննության կողմ, խախտում է Սուլթանյանի արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները, որոնք պաշտպանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներով:

Մայիսի 20-ին ԱԱԾ-ն Սուլթանյանից առգրավել է երեք համակարգիչ, մեկ համակարգիչը պատկանում էր ընտանիքի անդամներից մեկին, երկու հեռախոս և մի քանի USB կրիչ:

2021թ.-ի հունիսի 2-ին Human Rights Watch-ը դիմել է դատախազություն` հորդորելով հրաժարվել Սուլթանյանին առաջադրված մեղադրանքներից և ապահովել, որ նա հնարավորություն ունենա իրականացնել իր օրինական իրավապաշտպան գործունեությունը՝ առանց ավելորդ միջամտությունների: Դատախազությունը հունիսի 10-ի պատասխանում նշել է, որ հետաքննությունը սկսվել է «ազգային և միջազգային նորմերի համաձայն», և որ հանգամանքները չեն կարող մեկնաբանվել որպես Սուլթանյանի իրավունքների ոտնահարում:

Իշխանությունները Սուլթանյանի հայտարարությունները սխալմամբ որակել են որպես «հրահրում», - հայտարարել է Human Rights Watch-ը: Դրանք տեղավորվում են միջազգային իրավունքի, մասնավորապես Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի ներքո պաշտպանված օրինական խոսքի սահմաններում: Որպես երկու պայմանագրերի կողմ՝ Հայաստանի կառավարությունը խոսքի ազատությունը պաշտպանելու հատուկ իրավական պարտավորություններ ունի:

«Հայաստանի իշխանությունները խախտում են Սուլթանյանի խոսքի ազատության իրավունքը», - հայտարարել է Գոգիան: «Չնայած ազգային և էթնիկական ատելության դեմ պայքարը կառավարության պարտականությունն է, այն չի իրականացվում իրավաչափ խոսքը քրեականացնելու կամ զգայուն հարցեր բարձրաձայնողների իրավունքները այլ կերպ խախտելու միջոցով»:

  • Կիսվել: