կիրակի, մայիս 22
22 / 5 / 2022
Դատախազությունը պատասխանել է Սլավոնական համալսարանի ռեկտորին

Դատախազությունը պատասխանել է Սլավոնական համալսարանի ռեկտորին

ՌԴ դատախազության դիմումի համաձայն ՀՀ դատախազության կողմից համալսարանի գործունեության հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի կողմից այսօր արված ֆեյսբուքյան գրառումը որոշակի տարընթերցումների տեղիք է տվել, որին ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հարկ է համարել արձագանքել դրան։ 

Ստորև ներկայացնում ենք դատախազության պատասխանը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի այսօրվա գրառմանը.

<<Նախ՝ ինչ վերաբերում է քրեական գործի հարուցման անհիմն լինելու հանգամանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակել են ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք հնարավոր է պարզել միայն քրեական գործի շրջանակներում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ,  2022թ. հունվարի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ և սկսվել է նախաքննություն:

Այս իմաստով առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Իրականացվելու է, բնականաբար, լիարժեք օբյեկտիվ քննություն՝ որոնց արդյունքներից, ձեռք բերվելիք ինչպես արդարացնող, այնպես էլ հանցավոր արարքները հաստատող ապացույցների գնահատման արդյունքում միայն կարող է կայացվել կամ քրեական հետապնդում հարուցելու, կամ էլ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելու որոշում:

Այսինքն Դատախազությունը, վստահ եմ՝ նաև վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելու են բացառապես ձեռք բերվելիք ապացույցներով, այլ ոչ թե մեղադրելու կանխավարկածով կամ ինչպես գրառման մեջ է ձևակերպվել՝ «կոռուպցիա կարելու» կանխատրամադրվածությամբ: Առավելևս, երբ խոսքը վերաբերում է հանրապետությունում բավականին բարձր հեղինակություն ունեցող և բարձրագույն կրթական համակարգում իր ծանրակշիռ տեղն ունեցող ԲՈՒՀ-ին և նրա հեղինակությանը:

 

Հենց նշածս իրողությունները, համալսարանի հեղինակությանը չհարվածելու հանգամանքն է պատճառը, որ դատախազությունը քրեական գործի հարուցման վերաբերյալ հատուկ հաղորդագրությամբ հանդես չի եկել: Եվ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, մեր կողմից դրա մասին հրապարակավ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է բացառապես արդեն իսկ հանրայնացված և որոշակի լույսի ներքո մատուցվող տեղեկություններին ու մեկնաբանություններին արձագանքելու անհրաժեշտությամբ:

 Հայ-ռուսական համալսարանը միակ ուսումնական հաստատությունը չէ, որի գործունեության հետ կապված խնդիրների բերումով քրեական գործեր են հարուցվում և քննվում: Դրանց արդյունքում եղել են ինչպես արդարացնող հիմքերով քրեական գործերի վարույթները կարճելու որոշումներ, այնպես էլ՝ քրեական հետապնդումներ:

Այսինքն որևէ հիմք չկա և չի կարող լինել իրականացվող քննության օբյեկտիվությանը չվստահելու համար:

Ավելին. հենց քրեական գործի շրջանակներում է, որ Հայ-ռուսական համալսարանի հարգարժան ռեկտորը կարող է վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցությամբ համապատասխան փաստարկներ ներկայացնելով հիմնավորել, որ ՀՀ իրավասու մարմիններին ուղարկված նյութերում արձանագրված խախտումներն անհիմն են:

Իսկ քրեական գործով վարույթը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացնում ոչ թե  «իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով», ինչպես ձևակերպել է պարոն Դարբինյանը, այլ այն պատճառով, որ կոռուցպիոն հոդվածներով քրեական գործերը քննող իրավասու նախաքննական մարմինը մեր օրենսդրությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն է:  

Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ քրեական գործի շուրջ ավելորդ կրքեր բորբոքելուն ուղղված  գործողություններից»:

  • Կիսվել: