կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատախազությունը կասկածի տակ է դնում Գագիկ Բեգլարյանի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը

Դատախազությունը կասկածի տակ է դնում Գագիկ Բեգլարյանի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը

Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 30-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը, գրում է Հետքը:

Դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը ներկայացրեց միջնորդություն՝ փաստաթղթաբանական փորձաքննություն իրականացնելու մասին։

Դատախազը կասկածի տակ է դնում «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ի գործընկերության համաձայնագրերի և վճարման հանձնարարականների անգլերեն բնօրինակ փաստաթղթերի իսկությունը։ Ըստ դատախազի՝ դրանք 1994 թվականի փաստաթղթեր են, սակայն թղթի, կնիքի, ստորագրությունների թանաքի թարմության աստիճանն առաջացնում է կասկածներ այդ փաստաթղթերի, դրանց թվագրման ամսաթվերի վերաբերյալ։

Նշենք, որ ավելի վաղ Բեգլարյանի ներկայացուցիչները հայտնել էին, թե Գագիկ և Բեգլար Բեգլարյանները 1994-ին այլ անձանց հետ համատեղ Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծել են «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ն՝ յուրաքանչյուրն ունենալով 25 % բաժնեմաս, և ստացել են եկամուտ՝ շահաբաժինների տեսքով։ Ըստ Բեգլարյանների ներկայացուցիչների՝ այդ շահաբաժինները նրանք ստացել են կանխիկ եղանակով, այդ պատճառով Դատախազությանը հասանելի չի եղել նշված տեղեկությունը:

Խոսքը հենց այս ընկերությանն առնչվող փաստաթղթերի մասին է։ Այդ փաստաթղթերի կազման և թվագրման համապատասխանությունը պարզելու համար Նելլի Տեր-Թորոսյանը միջնորդեց իրականացնել փաստաթղթաբանական փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնելով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և պարզաբանման համար փորձագետների առաջադրել հետևյալ հարցերը՝

  1. «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ի գործընկերության համաձայնագրերի և վճարման հանձնարարականների անգլերեն բնօրինակների կազման ժամանակահատվածներն արդյոք համապատասխանու՞մ են դրանց թվագրաման ամսաթվերին, թե՝ ոչ։ Թվագրման ամսաթվերն են՝ 1994-2012 թվականները։ 
  2. Եթե ոչ, ապա ե՞րբ են դրանք կազմվել։
  3. Իսկ կազման հստակ ժամանակահատվածը պարզելու անհնարինության դեպքում առավելագույնը որքա՞ն կարող է լինել դրանց կազման վաղեմությունը։ 
 

Պատասխանողների ներկայացուցիչները հարցեր չունեին, նրանք խնդրեցին ընդմիջել դատական նիստը, որ կարողանան դիրքորոշում հայտնել։ 10 րոպե ընդմիջումից հետո պատասխանողների ներկայացուցիչները հայտնեցին, որ առարկություն չունեն միջնորդության դեմ, դատարանը բավարարեց միջնորդությունը։

Նելլի Տեր-Թորոսյանը երկրորդ միջնորդությունը ներկայացրեց, որը կրկին առնչվում էր «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ին։ Դատախազը հրապարակեց նոր ապացույց այն մասին, որ «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին, ինչը հերքում է Բեգլարյանի ներկայացուցիչների այն փաստարկը, թե 1994 թվականից սկսած՝ այդ ընկերությունից ստացել են շահաբաժիններ։

Ըստ դատախազության ներկայացուցչի հայտնած տեղեկության՝ այդ ընկերության սեփականատերերը ՀՀ քաղաքացիություն չունեցող 2 անձինք են՝ 51% և 49% բաժնեմասերով։

Դատախազի խոսքով՝ այս տեղեկությունը ցույց է տալիս, որ Բեգլարյանների ներկայացրած ապացույցները և պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Դատախազությունը տեղեկությունը վերցրել էր Sayari.com ինտերնետային կայքէջից, համապատասխան դեմո տարբերակի միջոցով հեռախոսազանգ է պատվիրվել, և այս տեղեկությունը փոխանցվել է դատախազությանը։ 

Բեգլարյանների ներկայացուցիչները կրկին ընդմիջում խնդրեցին, որ կարողանան հարցեր տալ և դիրքորոշում հայտնել։ Ընդմիջումից հետո պատասխանողների ներկայացուցիչներից Նորայր Բալայանը դատարանին խնդրեց ժամանակ տրամադրել՝ գրավոր դիրքորոշում հայտնելու համար։

Բալայանը նշեց՝ երբևիցե չեն պնդել, թե Բեգլարյանները համարվում են այդ ընկերության փայատերերը։ «Որովհետև մեր կողմից ներկայացված պայմանագրերը վկայում են, որ գործընկերային հարաբերությունների մեջ են եղել»,- ասաց Նորայր Բալայանը։

Նա նկատեց նաև, որ Դատախազության միջնորդության մեջ նշված է նույն կազմակերպության երկու անուն՝ «Ռոյալ շիփինգ ֆոնդ» և «Ռոյալ բոքս կարգո»։

Նելլի Տեր-Թորոսյանն ասաց, որ «Ռոյալ բոքս կարգո» վերտառությամբ իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկատվություն ԱՄԷ-ում գրանցված միայն այս տեղեկությունն է առկա։ «Ես պատասխանատու չեմ, թե երկրորդ անվանումը ինչ աղբյուր ունի, բայց նշում եմ, որ «Ռոյալ բոքս կարգո» վերտառությամբ իրավաբանական անձ միայն համապատասխան տվյալներով է առկա»,- ասաց դատախազը։ Բալայանն էլ հայտնեց իր ողջամիտ կասկածները, թե գուցե կազմակերպության նախկին անվանումը եղել է «Ռոյալ շիփինգ ֆոնդ», հետո է փոխվել այն։ 

Դատարանը հետաքրքրվեց՝ այդ ընկերությունն այժմ գործու՞մ է։ Դատախազը չուներ տեղեկություն այդ մասին, իսկ Բալայանն ասաց, որ ընկերությունը գործունեությունը դադարեցրել է 2017-ին։ 

Պատասխանողների ներկայացուցիչները կասկածներ ունեին նաև, թե արդյոք նույն ընկերությա՞ն մասին են խոսում իրենք և դատախազությունը, հետևաբար՝ իրենց ժամանակ է պետք դիրքորոշում հայտնելու համար։

Դատարանը նիստը հետաձգեց՝ ժամանակ տալով պատասխանողների ներկայացուցիչներին։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ 16։00-ին:

  • Կիսվել: