ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատախազությունը հրաժարվեց ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալի դստեր մասով ներկայացված հայցապահանջից

Դատախազությունը հրաժարվեց ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալի դստեր մասով ներկայացված հայցապահանջից

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում՝ նախագահող դատավոր Աշխեն Ղարսլյանի, այսօր՝ մարտի 16-ին, ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթադրյալ ապօրինի ձեռք բերված գույքը եւ եկամուտները բռնագանձելու մասին հայցադիմումի քննությանը Դատախազությունը հրաժարվեց Վաչագան Ղազարյանի դստեր մասով ներկայացված հայցապահանջից:

Դատախազությունը պահանջ էր ներկայացրել ընդդեմ Արեւ Ղազարյանի՝ բռնագանձել Տերյան 66 շենքի բնակարաններից մեկը, նույն շենքի ավտոկայանատեղիի իրեն պատկանող բաժնեմասը։ Դատախազը նշեց, որ դատախազությանը հավելյալ փաստեր են հայտնի դարձել, որոնց համաձայն՝ դեռեւս 2014 թվականին նշված գույքերը օտարվել են 45 միլիոն դրամով:

Նշենք, որ պահանջ է ներկայացվել Վաչագան Ղազարյանից եւ նրան փոխկապակցված չորս անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել՝

Երեւան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները,  շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5-ը Ծովակալ Իսակով պողոտայում, 5-ը Տերյան փողոցում, ինչպես նաեւ Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում,  Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի (համայնք Արտամետ) մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ նշված անշարժ եւ շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 6.007.193.880 ՀՀ դրամ,

8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք,

Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի եւ 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 337.780.000 ՀՀ դրամ,

137.216.729 ՀՀ դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ եւ ավանդներ,

1.743.409.007 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Ընդհանուր՝ 8.225.599.616 ՀՀ դրամ։

  • Կիսվել: