ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Դատախազությունն ամեն գնով փորձում է Բորիս Բախշիյանին պահել կալանքի տակ». դատախազի բացակայության պատճառով կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

«Դատախազությունն ամեն գնով փորձում է Բորիս Բախշիյանին պահել կալանքի տակ». դատախազի բացակայության պատճառով կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. պատճառը մեղադրող դատախազի բացակայությունն է։

Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե դատախազը հայտնել էր, որ մասնակցում է դատախազության կոլեգիայի նիստին, ինչպես նաև չի ստացել վերաքննիչ բողոքը։

«Ես գտնում եմ, որ այստեղ ակնհայտ երևում է դատախազության վերաբերմունքն այս գործի նկատմամբ, ինչպես կարելի է կոլեգիայի նիստն ավելի բարձր գնահատել, քան անձի ազատության իրավունքը», - նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է բողոքը չստանալուն՝ Սարդարյանն ասաց, թե երկրորդ անգամ է դատական նիստը հետաձգվում. նախորդ նիստը նշանակվել էր փետրվարի 28-ին, բայց իրենք այդ մասին ծանուցվել են մարտի 2-ին. հավանաբար, փոստը ուշ է հասցրել ծանուցումը։

«Մարտի 2-ին ծանուցվելով բողոքի քննության առկայության մասին՝ ինչո՞ւ դատախազը ժամանակ չի տրամադրել այդ բողոքին ծանոթանալու, նրա համար մեկ զանգ էր դատարանի կազմի հետ կապվել ու խնդրել, որ բողոքն ուղարկեն իրեն։ Այս վարքագիծը ցույց է տալիս, որ դատախազությունն ամեն գնով փորձում է Բորիս Բախշիյանին պահել կալանքի տակ», - հայտարարեց դատավորի պաշտպանը։

Արսեն Սարդարյանն ասաց, թե Բորիս Բախշիյանի գործն օրինակ է՝ ցույց տալու, որ եթե դատավորն անկախ է աշխատում, անաչառ է, իր որոշումները նախապես չի համաձայնեցնում ինչ-որ անձանց հետ, չի կաշկանդվում քաղաքական ենթադրություններով, ապա նրա նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կհայտնվի կալանավորի աթոռին։

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 14-ին՝ ժամը 15։15-ին։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:

Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

 
 
 
 
 
 
 
 

Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:

Փետրվարի 16-ին Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մերժվել է։

  • Կիսվել: