Դատախազությունից մեծ հոսք է եղել. աշխատողներին վերջնահաշվարկ վճարելուց հետո աշխատավարձի ֆոնդը չի բավականացնում
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշեց 210 մլն դրամ հատկացնել Գլխավոր դատախազությանը՝ աշխատողների աշխատավարձերի, վերջնահաշվարկների վճարման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ դատախազության աշխատակիցների 2024թ. ընթացքում աշխատանքից ազատման հետ կապված վերջնահաշվարկի գումարները վճարելու արդյունքում ՀՀ դատախազության պահպանման ծախսերում աշխատանքի վարձատրության ֆոնդը լրացուցիչ միջոցներով համալրելու անհրաժեշտություն է առաջացել:
Դատախազությունում իրականացվող շարունակական կադրային բարեփոխումների արդյունքում 2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակի ընթացքում աշխատանքից ազատվել են դատախազությունում երկարաժամկետ աշխատած անձինք, որոնք ժամանակին չեն օգտվել արձակուրդի իրենց իրավունքից և դրա հետևանքով բավական մեծ վերջնահաշվարկի հնարավորություն են կուտակել:
Մասնավորապես, 2024 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակներում դատախազության կողմից վճարվել է 210 միլիոն ՀՀ դրամ վերջնահաշվարկ, ինչի հետևանքով՝ «աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածում» առկա դրամային մնացորդը 2024-ի սեպտեմբերի 6-ի դրությամբ կազմում է 21 միլիոն ՀՀ դրամ, մինչդեռ առկա են եկամտային հարկի գծով մոտ 190 միլիոն ՀՀ դրամ պարտավորություններ, ինչպես նաև դեռևս չվճարված պարտավորություններ աշխատակիցներին՝ վերջնահաշվարկ և արձակուրդային վճարներ մոտ 10 միլիոն ՀՀ դրամ:
Վերջնահաշվարկների հետ կապված վերոնշյալ խնդիրներն ապագայում բացառելու նպատակով 2023 թվականից սկսած դատախազության բոլոր աշխատակիցները պարտադիր օգտվում են ամենամյա արձակուրդի իրենց իրավունքից և ստանում այդ տարվա համար նախատեսված արձակուրդային վճարները:
Մասնավորապես, 2024 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակներում դատախազության կողմից վճարվել է շուրջ 527 միլիոն ՀՀ դրամ արձակուրդային վճար: