ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատական իշխանության մեջ ներգրավված բոլոր սուբյեկտները հավուր պատշաճի իրականացնում են իրենց պարտականությունը․ պատգամավոր

Դատական իշխանության մեջ ներգրավված բոլոր սուբյեկտները հավուր պատշաճի իրականացնում են իրենց պարտականությունը․ պատգամավոր

Դատաիրավական բարեփոխումները նոր ժողովրդավարական Հայաստանի զարգացման կարևորագույն հանգրվաններից մեկն է: Այսօր խորհրդարանում ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Մենք այսօր համատեղ ջանքերով պետք է մասնակցենք օրենսդրության մշակմանը, որն արտացոլելու է մեր հասարակության բանականության ձայնը, որը համապատասխանում է մեր հասարակության ակնկալիքներին, իղձերին»,- ասաց նա։

Ըստ նրա՝ դատաիրավական բարեփոխումներն անվերջ գործընթաց է, քանի որ հասարակական հարաբերությունները երբեք չեն կանգնում, զարգանում են, ինչին զուգահեռ պետք է կատարելագործել դատական համակարգը:

Իր խոսքում Վարդանյանը փաստեց, որ դատական համակարգում եղել են ու շարունակում են մնալ խնդիրենր, որոնք պայմանավորված են բազում հանգամանքներով.

«Բարեբախտաբար պետք է արձանագրենք, որ մարդկանց զայրույթը պայմանավորված է այն դատավորների վարքագծով, որոնք արդարադատություն իրականցնելիս առաջնորդվում են ոչ թե օրենքներով, այլ՝ նեղ անձնական շարժառիթներով: Բարեբախտաբար դատավորի այս տեսակը փոքրամասնություն է կազմում մեր դատական համակարգում: Դատական իշխանության մեջ ներգրավված բոլոր սուբյեկտները հավուր պատշաճի իրականացնում են իրենց պարտականությունը: Դրանց մեծամասնությունն օր ու գիշեր աշխատում են, որպեսզի մենք ունենանք որակյալ արդարադատություն: Շատ դեպքերում դա տաժանագիր աշխատանք է: Ես հասկանում եմ բարեխիղճ դատավորների հոգեվիճակը: Դատական համակարգում պարզ, անկեղծ, անբասիր դատավորները մեծամասնություն են կազմում»,- շեշտեց պատգամավորը և հավելեց, որ չի կարող չանդրադառնալ այն փոքրամասնությանը, որը դատական իշխանության մեծ օվկիանոսում մի քանի կաթիլ է կազմում:

«Այն, թունավոր լինելով, թունավորում է դատական իշխանության ողջ աղբյուրը: Մենք պետք է պայքարենք դրա դեմ»,-ասաց Վարդանյանը:

Միևնույն ժամանակ նա ասաց, որ դատական իշխանությունը պետք է լինի հասարակության հայելին, չպետք է մնա որևիցե քաղաքացի, ով կասկածի տակ կդնի դատավորի պրոֆեսիոնալ ու բարոյական որակները. «Դատական իշխանությունն իրավական պետության ստեղծման, կայացման հիմքն է»:

 

  • Կիսվել: