Պատգամավոր Մհեր Սահակյանը մեկ հոդվածով արդարացվել է, մյուսով՝ մեղավոր ճանաչվել
2023թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով այսօր Երևան քաղաքի քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ կայացրել է վերդիկտ։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Ռուբեն Հակոբյանը:
Հայտարարությունում ասվում է. «Դատարանը վճռել է.
1) խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել.
2) ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս), և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր։
Լրացուցիչ դատալսումները նշանակվել են հոկտեմբերի 1-ին»:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ պատգամավոր Մ.Ս.-ն ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն և խուլիգանական դրդումներով Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մաս (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը)):