Դա վերաբերելու է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. Փաշինյանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ուղիղ եթերում քննարկեցին այս թեման:
Քննարկման ժամանակ վարչապետը , մասնավորապես, ասաց. «Պետք է հասկանալ և արձանագրել, որ դա չի վերաբերելու ամեն ինչին, ամենուր և բոլորին։ Դա վերաբերելու է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին»:
Բադասյանը շահարկում որակեց այն պնդումները, թե Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարած սովորական քաղաքացին կարող է հայտնվել այս օրենքի տիրույթում: Այս առնչությամբ նա նշեց. «Դա բացառիկ շահարկման ոլորտից էր, և ասում են՝ կարող են այս գործողության ոլորտ ընկնել իրավաբանական անձինք, որոնք գործարք են արել։ Եթե կաշառք տալու, ստանալու, փողերի լվացման հոդվածով մեղադրանք առաջադրվի, և եթե նրան պատկանող գույքը չհիմնավորվի 50 միլիոն և ավելի դրամով, սկսվում է ուսումնասիրություն»: