ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դա ձև չի». Հայկ Ալումյանը՝ իրենց չտեղեկացնելու մասին

«Դա ձև չի». Հայկ Ալումյանը՝ իրենց չտեղեկացնելու մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը պատշաճ չի տեղեկացվել այսօր դատական նիստի հետաձգման մասին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Կարգադրիչներից, ըստ փաստաբանի, փորձել են հասկանալ՝ ինչու է հետաձգվում նիստը, սակայն բավարար պատասխան չեն ստացել, ավելին, կարգադրիչները փաստաբաններին ասել են, որ դատարանից որևէ մեկը չի պատրաստվում մոտենալ փաստաբաններին և պարզաբանումներ ներկայացնել:

«Դա ձև չի, քաղաքակիրթ ձև չի: Հավանաբար, նրանք իրենցից վեր համարեցին ներկայանալ ու տալ բացատրություններ տալ: Դա մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր», -ասաց Ալումյանը:

Այնուհետև հավելեց, որ դատարանի աշխատակազմից իրենց է մոտեցել մի աշխատակից և «բավական քաղաքակիրթ» ներկայացրել իրավիճակը, բացատրել, ինչից հետո փաստաբանները որոշել են լքել նիստերի դահլիճը:

Նկատենք, որ մինչ ճեպազրույցը փաստաբաններից Միհրան Պողոսյանը, որը Յուրի Խաչատուրովի փաստաբանն է, նստել էր դատավորի աթոռին, իսկ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ դատախազի աթոռին: Այսօր դատական նիստում պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին փաստաբանների ներկայացրած միջնորդությունը, սակայն նիստը չէր կայացել՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

  • Կիսվել: