ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու». Մելիքյանը՝ նախագահի հայտարարության մասին

«Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու». Մելիքյանը՝ նախագահի հայտարարության մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեկնաբանել է նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ նա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով չի ստորագրելու:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, գրել է.

«1) «Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու»։

2) Եթե անգամ ասի «Չեմ ստորագրելու, ոչ էլ ՍԴ եմ ուղարկելու», միևնույն է՝ 21 օր ժամանակ ունի դիրքորոշումը փոխելու համար։

3) Այդ 21 օրը նախագահի «անձեռնմխելի» սահմանադրական ժամկետն է - «տապալողները» պետք է սպասեն, և միայն 21 օր հետո է, որ ԱԺ նախագահը լիազորվելու է ստորագրել։

4) Քանի որ ենթադրյալ սպասողները «տապալողներն» են, ԱԺ նախագահին ստիպելու են (կամ էլ նա «ինքնաստիպվելու է) էսօր-վաղը ստորագրի։

5) «Մի էպիզոդ ավել, մի էպիզոդ պակաս - ինչ տարբերություն», - կասեք դուք։ Ես էլ կասեմ՝ 10 տարվա ու 15 տարվա միջև տարբերությունը ամենևին փոքր չէ։

6) Խե՜ղճ Յորիկ»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։

Նշենք նաև, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

  • Կիսվել: