երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցանկացած երկրի դատարան մեծ սիրով Հրայր Թովմասյանին քաղաքական ապաստան կտար. Արա Ղազարյան

Ցանկացած երկրի դատարան մեծ սիրով Հրայր Թովմասյանին քաղաքական ապաստան կտար. Արա Ղազարյան

Ազգային ժողովում փետրվարի 6-ին մեկնարկում է արտահերթ նիստը, որի օրակարգի հարցերից մեկը ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագիծն է: Փաստաթղթի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է:

Նա առաջարկում է պարտադիր չդարձնել թե՛ հանրաքվեի դրվող, թե՛ Ազգային ժողովում ընդունվող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ՍԴ ներկայացնելը՝ դրա սահմանադրականությունը որոշելու համար: Նկատենք, որ գործող կարգավորումներով մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ամբողջությամբ ընդունվելը, Ազգային ժողովն ընդունած որոշմամբ այն ուղարկում է Սահմանադրական դատարան եզրակացություն ստանալու համար։ Պատգամավորն առաջարկում է լրացում՝ որոշումը չընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում առանց ՍԴ որոշման։ Պատգամավորը նաև առաջարկում է, որ Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները ԱԺ նախագահն այլևս չուղարկի Հանրապետության նախագահին՝ ստորագրման, այլ անձամբ հրապարակի:

Հովակիմյանի առաջարկած մյուս փոփոխությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը. որ հարցը կարող է քննարկվել ոչ թե Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, այլ նաև արտահերթում։ «Իմ քայլը» խմբակցության անդամները հրաժարվում են օրինագծի վերաբերյալ խոսել՝ հորդորելով սպասել արտահերթ նիստին: Բայց այն արդեն հասցրել է մասնագետների քննադատությանը արժանանալ: Փաստաբան Արա Ղազարյանը կարծում է, որ իշխանական պատգամավորի ներկայացրած օրինագիծը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելու գործողությունների համատեքստում է: «Գուցե պետք է վերջ տալ աս ամեն ինչին, կամ էլ մենք հայտնվում ենք քաղաքական առճակատման մեջ, բայց արդյոք մենք ունենք այդքան քաղաքական ռեսուրս», InfoPort.am-ի հետ զույցում նման տեսակետ հայտնեց Ղազարյանը:

Դիտարկմանը, թե իշխանական պատգամավորների կարծիքով Հրայր Թովմասյանը ուզուրպացնում է դատական իշխանությունը, ինչի արդյունքում էլ որոշվել է նման նախագիծ դնել շրջանառության մեջ, Ղազարյանը արձագանքեց. «Հրայր Թովմասյանն ի՞նչ է անում, Հրայր Թովմասյանը ամեն օր գնում է աշխատանքի, գալիս է: Հազարից մեկ հարցազրույց է տալիս, Հրայր Թովմասյանն ի՞նչ է անում, որ ուզուրպացնում է»: Մեր արձագանքին, թե ըստ իշխանական պատգամավորների՝ քաղաքական հայտարարություններ է անում՝ ընդդիմախոսներին համարելով հակառակորդներ, փաստաբանը պատասխանեց. «Հրայր Թովմասյանը ընդամենը մեկ անգամ է ինտերվյու տվել, բայց իր հասցեին քաղաքական անհանդուրժողականության այնքան շատ խոսքեր են հնչել, որ ցանկացած երկրի դատարան մեծ սիրով այդ մարդուն քաղաքական ապաստան կտար նման անհանդուրժողական հայտարարությունների համար»:

  • Կիսվել: