հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բուքիքիոյի հայտարարությունը Հայաստանի իշխանություններից դժգոհության մասին է. Արա Ղազարյան

Բուքիքիոյի հայտարարությունը Հայաստանի իշխանություններից դժգոհության մասին է. Արա Ղազարյան

Փաստաբան Արա Ղազարյանը, որը նաև միջազգային իրավունքի մասնագետ է, կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար։

«Հայտարարությունից հասկանալի էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախկին հայտարարությունները կամ Հայաստանի իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածությունները իրենց նպատակին չեն ծառայել։ Այդ հայտարարությունը Հայաստանի իշխանություններից դժգոհության մասին է», - InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արա Ղազարյանը։

Նրան հատկապես վիրավորական էր Բուքիքիոյի հայտարարության մեջ նշված «հասունություն» եզրույթը. «Դա բնականաբար, քաղաքական հասունության մասին է կամ ժողովրդավարական արժեքների հասունության մասին է»։ Նկատենք՝ Բուքիքիոն իր հայտարարության մեջ մասնավորապես ասել էր. «Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»։

Ղազարյանի կանխատեսմամբ, այս ամենը կարող է ավարտվել նրանով, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցը ներգրավվի օրակարգ ու քննարկման առարկա դառնա։ Սակայն մինչ այդ, նրա խոսքով, հնարավոր է մեր երկիր ուղարկվեն համազեկուցողներ, որոնք հավաքագրված փաստերի հիման վրա կկազմեն իրենց վերլուծությունը։ «Այս ամենը քաղաքական ճնշման մեխանիզմ է։ Ի վերջո եվրոպացիները չեն կարող թույլ տալ, որ այս իրավիճակը շարունակվի, քանի որ դա նաև խաթարում է եվրոպական անվտանգությունը։ Եվրախորհուրդը ինչո՞ւ համար է ստեղծվել, չէ՞ որ մարդու իրավունքների պաշտպանությունը նաև եվրոպական անվտանգության հարց է», -նկատեց Ղազարյանը։

Այս իրավիճակից ելքը, ըստ փաստաբանի, այն է, որ իշխանությունները պետք է դադարեցնեն ՍԴ դատավորների նկատմամբ անձնավորված բնույթի որակումները, հետ կանգնեն սահմանադրական ճգնաժամի գոյության մասին մտքից, հրաժարվեն դատարանի հեղինակության վրա ազդող հայտարարություններից։ «Պետք է վերջ տրվի այս ամենից, պետք է վերջ տրվի այս կոմպանիային, պետք է հրաժարվեն ՍԴ դատավորներին հեռացնելու գաղափարից», - ընդգծեց Ղազարյանը։

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել ՍԴ-ի և կառավարության միջև ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ արել կողմերին քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։արա ղ

  • Կիսվել: