ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բռնությունը պետք է արմատախիլ արվի հասարակությունից. Պատգամավորները դատապարտել են Գյումրիում կնոջ և երեխայի նկատմամբ բռնության դեպքը

Բռնությունը պետք է արմատախիլ արվի հասարակությունից. Պատգամավորները դատապարտել են Գյումրիում կնոջ և երեխայի նկատմամբ բռնության դեպքը

Այսօր առավոտյան Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները դատապարտել են երեկ Գյումրիում կնոջ և երեխայի նկատմամբ բռնության դեպքը, որի հետևանքով կինը մահացել էր, երեխան ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է:

«Այս կինը 2020 թվականի արդեն երրորդ զոհն է: Բռնությունը ընտանիքում անընդունելի է: Ընդամենը երկու օր հետո շատերը մարտի 8-ը կնշեն, փուչիկներ կառնեն կանանց, կենացներ կասեն նրանց, մինչդեռ շատ ավելի կարևոր է՝ հասկանանք… դատախազության, ոստիկանության դերը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի նման դեպքեր այլևս տեղի չունենան, և բռնությունը իրապես արմատախիլ արվի հասարակությունից», -ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նույն դեպքին անդրադարձավ նաև «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը, որը ծնունդով Գյումրիից է. «Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում, մի քաղաքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, տեղի է ունեցել ցերեկը, խիտ բնակեցված թաղամասում, հնարության անտարբերության ներքո»: Պատգամավորը նկատեց, որ երբ հայտարարվում է, թե հայ հասարակության մեջ կա բռնություն, ոմանք հակադարձում են, թե դա հարիր չէ հայի նկարագրին:

«Այո, բռնություն կա և ցավոք, այնքան է սերտաճել, որ շատերը սառնասրտորեն են վերաբերվում այդ դեպքին, ավելին, համացանցում վիրավորանքների տեղատարափ էր մահացած կնոջ հասցեին: Եթե մենք շարունակենք անտարբեր ձևանալ, ապա այս դեպքերը կշատանան», -հուզված հավելեց պատգամավորը՝ կոչ անելով սթափ նայել իրավիճակին: Բռնության անթույլատրելի լինելու մասին խոսեց նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ ընդգծելով, որ նման արարք կատարած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խոստությամբ:

«Ես լիովին կիսում եմ իմ նախորդ գործընկերների մտահոգությունները: Շատ ցավալի է կատարավածը: Ըստ էության, հանրությունը առայժմ չի կարողանում հաղթահարել անտարբերությունը և դաժանությունը, որովհետև շատ բաներ ծնվում են անտարբերությունից: Այո, ես էլ եմ համաձայն, որ մենք օրենսդրական կտրուկ խստացումներ պետք է անենք: Երբ կհասնենք մի իրավիճակի, որ հանրությունը կինքնամաքրվի, նոր այդ ժամանակ որոշ բաներ կթուլացվեն», -իր հերթին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Մորը և դստերը դաժան ծեծի ենթարկած անձը 28 տարեկան է, ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:

  • Կիսվել: