երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բռնության տեսարաններ տարածելով, երեխաների, տարեցների թիրախավորելով՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների համար. Թաթոյան

Բռնության տեսարաններ տարածելով, երեխաների, տարեցների թիրախավորելով՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների համար. Թաթոյան

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր բաց և փակ նիստեր են, որոնց ընթացքում քննարկվում է պատերազմական իրավիճակը:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունների և Ադրբեջանի իրավական պատասխանատվության մասին հիմնական զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան: Նա ներկայացրել է իրավիճակն ու իրենց գործողությունները, կանգ առել կարևոր արձանագրումների վրա:

«Զինված հարձակումներն ուղեկցվում են քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով։ Դրանք տարբերակում չդնող հարձակումներ են, իրականացվում են արգելված կասետային զինատեսակներից, իսկ դրանք արգելված են, քանի որ ոչ միայն մահ են առաջացնում, այլև կյանքը խեղող վնասվածքներ, և արգելված են միջազգային նորմերով: Ջիհադիստների մասնակցությամբ է լինում, որը ևս միջազգայնորեն հաստատված փաստ է: Ունենք ապացույցներ և դրանցով երեք կարևոր փաստ ենք առանձնացնում․

առաջին՝ հաստատվում է փաստը, որ Արցախի դեմ զինված հարձակումներում կան ահաբեկիչներ,

երկրորդ՝ կատարում են պատերազմական հանցագործություններ,

երրորդ՝ տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողություններն այլ երկրներում ևս»,-ներկայացրել է Թաթոյանը:

Նա նշել է, որ այս բոլոր գործոնների թվում ևս մեկ հանգամանք կա՝ ատելության խոսքը, որն առաջին օրվանից ուղեկցում է:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանում եղել է պետական բարձր աջակցություն վայելող ատելություն, դա կազմակերպված է։ Այն սոցցանցերի էջերը, խմբերը, օգտատերերը, որ կան, ինստիտուցիոնալ բնույթ են կրում։ Բռնության տեսարաններ տարածելով, թիրախավորելով երեխաների, տարեցների՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների համար»:

Նա նշել է, որ այս ամենը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական շղթային բաղադրատարրեր։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքը Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտման մասին է:

«Ինչո՞ւ Հայաստանի, որովհետև սեպտեմբերի 27-ից հարվածներ են հասցվել նաև ՀՀ քաղաքներին ու գյուղերին՝ Սոթք, Շատվան, Մեծ Մասրիկ, Կութ և այլն։ Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված ենք եղել դադարեցնել փաստահավաք աշխատանքները, հետո՝ շարունակել»,-ասել է Թաթոյանը:

  • Կիսվել: