ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բոլոր տեսակի սահմանային վերահսկողական կամ հսկողական գործառույթները կիրականացվեն ԱԱԾ կամ մաքսային մարմինների միջոցով. ՊԵԿ նախագահ

Բոլոր տեսակի սահմանային վերահսկողական կամ հսկողական գործառույթները կիրականացվեն ԱԱԾ կամ մաքսային մարմինների միջոցով. ՊԵԿ նախագահ

Ներկայումս պետական սահմանի անցման գործընթացը ժամանակատար է եւ որոշ դեպքերում ուղեկցվում է պետական մարմինների կողմից իրենց բովանդակությամբ նույնական գործառույթների իրականացմամբ:

Ինչպես փոխանցում է ԱԺ կայքը, կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներով եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական մարմինների աշխատանքների կազմակերպման մոդելը փոխել եւ մի շարք գործառույթներ իրականացնել պետական սահմանի անցման կետերում մշտապես տեղակայված մարմինների միջոցով:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հավաստմամբ՝ հստակ ամրագրվում է, որ պետական սահմանին գործառույթներ են իրականացնում ազգային անվտանգության մարմինների սահմանապահ զորքերը եւ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները:

Իսկ առանձին դեպքերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ: Որպես մաքսային մարմինների սահմանային վերահսկողության գործառույթ՝ նախատեսվում է ավելացնել նաեւ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության գործառույթները:

Սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում իրականացվում է բացառապես փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, ակնադիտային զննման կամ ակնադիտական հետազոտման միջոցով:

ՊԵԿ նախագահը նաեւ նշել է, որ ներդրվելու է մեկ կանգառ՝ մեկ պատուհան սկզբունքը, ինչը հնարավորություն կտա խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը: Նա նաեւ հավելել է, որ օրենքն ուժի մեջ մտնելով՝ քաղաքացին առնչություն կունենա ոչ թե չորս, այլ՝ երկու պետական մարմնի հետ: «Սահմանային անցման կետերը քաղաքացիները կհատեն ավելի արագ, քան ներկայում է»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի առաջարկներին՝ նա տեղեկացրել է, որ սահմանին Առողջապահական տեսչական մարմինը կշարունակի գործել:

 

Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, կարեւոր համարելով օրենսդրական փաթեթի ընդունումը, փաստել է, որ այն կդյուրացնի տնտեսվարողների կյանքը:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի գումարների վճարման ժամկետների հետաձգման կամ տարաժամկետ վճարման, դրանց պայմանների եւ կարգի, ինչպես նաեւ ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների հաշվանցումների վերաբերյալ:

 

Ըստ ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանի՝ հիմնական նպատակը մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ եւ բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունների սահմանումն է՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Ներկայումս «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկվում ու վճարվում է ԱԱՀ, ակցիզային հարկ` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքերի եւ բնապահպանական հարկ` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար: Ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկի գումարների վճարման ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասով` առանձին հոդվածներով:

Ապրանքների ներմուծման մասով հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքեր, ինչպես նաեւ դրանց փոփոխման պայմաններ եւ կարգ օրենսգրքով սահմանված չեն: Նախագծի ընդունման դեպքում՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար կսահմանվի հաշվարկված հարկերի, մասնավորապես, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության:

Պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել օրենքի նախագծին եւ տվել դրական եզրակացություն:

 

  • Կիսվել: