Բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ՝ ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի
Մի խումբ քաղաքական գործիչներ և քաղաքացիներ հերթական ակցիան են անցկացնում Երևանում ՝ պահանջելով պատժել ոստիկաններին Վանաձորի բաժնում, ինչպես իրենք են պնդում, արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ծեծելու համար:
Ավելի վաղ Ուլուբաբյանի փաստաբան ՌոմանԵրիցյանը հայտարարել էր իրավապահների ճնշումների և փաստաբանի դեմ հետագա քրեական հետապնդման նպատակով ցուցմունք ստանալու փորձերի մասին:
Ուժայինների կամայականություններին վերջ տալու պահանջով Նրանք այսօր երթ են անցկացնում քննչական կոմիտեի շենքից դեպի ՆԳՆ շենք: Նրանք վանկարկում են «արդարություն», «իրավախախտ ոստիկան» և այլ կարգախոսներ։
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երթի ընթացքում ասաց, որ բոլոր հիմքերը կան այդ ոստիկաններին պատժելու համար, բայց ոչինչ չի արվում։ Նա ենթադրում է, որ «վերևից» հրահանգ կա։
«Տեսնում ենք այս անպատժելության մթնոլորտը։ Փոխանակ դատապարտեն ոստիկաններին, մի քայլ էլ առաջ են գնացել անպատժելության մակարդակում։ Հիմա էլ փորձում են փաստաբանի վրա ճնշում գործադրել, որպեսզի նա չպաշտպանի Տիգրան Ուլուբաբյանի շահերը»։
Նշենք, որ ՔԿ-ում նախորդ շաբաթ քրեական գործ է հարուցվել Ուլուբաբյանին ենթադրյալ ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդումների հիման վրա, նշանակվել է նաև ծառայողական քննություն: Ոստիկանները, որոնք ենթադրաբար ծեծել են Ուլուբաբյանին, աշխատանքից չեն ազատվել, ինչն էլ առաջացրել է տուժող կողմի դժգոհությունը: