ԲԴԽ-ում թափուր պաշտոնների համար որևէ թեկնածուի անուն այս պահին չենք կարող հնչեցնել․ Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի թափուր պաշտոնները համալրելու համար նոր թեկնածուներ կառաջադրի, սակայն այս պահին որևէ թեկնածուի անուն չի կարող հնչեցնել։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից թեկնածությունը հանելու մասին հարցին։
Հովհաննիսյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը շատ կարևոր կառույց է, և այդ կառույցի բոլոր թափուր պաշտոնները պետք է լրացվեն արդյունավետ կառավարման համար։
«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ և նոր թեկնածուներ կներկայացնենք։ Այս պահին որևէ թեկնածուի անուն չեմ կարող հնչեցնել»,-նշեց Հովհաննիսյանը։
ՔՊ խմբակցության ղեկավարը նաև մանրամասնեց, որ Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից իր թեկնածության հետ կանչելը պայմանավորված է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացությամբ։
«Մենք չենք կարող որևէ կերպ չդիտարկել այդ եզրակացության մեջ եղած խնդրահարույց և չպարզաբանված դրվագները։ Ալեքսանդր Սիրունյանը հենց ինքն է խոսել սրա մասին՝ ասելով, որ քանի դեռ կան չպարզաբանված դրվագներ, ինքը նպատակահարմար չի համարում լինել թեկնածուի կարգավիճակում և ինքն է ոչ ֆորմալ ձևով իր թեկնածությունը հանել, ինչից հետո մենք հայտարարել ենք, որ, ելնելով Սիրունյանի հայտարարությունից և ԿԿՀ-ի եզրակացության մեջ տեղ գտած դրվագներից, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու այդ քվեարկությանը»,-նշեց Հովհաննիսյանը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու էր առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին, սակայն քաղհասարակության կազմակերպությունները և ընդդիմությունը կոչ էին արել չեղարկել Սիրունյանի թեկնածության որոշումը և ձեռնպահ մնալ նրան ընտրելուց։ Հայտարարության մեջ նշվել է, որ Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սոցիալական հարթակներում օգտագործել է հայհոյախառն բառապաշար և տարածել է ատելության խոսք։