ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԲԴԽ նախագահի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

ԲԴԽ նախագահի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ Ֆեյսբուքի պաշտոնական էջում շնորհավորանք է գրել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ, գրել է Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
 
29 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը միասնական և կուռ, ի լուր աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բարձրագույն պատասխանատվությունն ու պատիվը:
 
Բացառիկ միասնականության այդ դրսևորումը մեզ ոչ միայն անկախություն պարգևեց, այլև գրեթե երեք տասնամյակ շարունակական պայքարի կորով ու արարելու ոգի տվեց։
 
Ժամանակի ընձեռած հնարավորությաններին ու առաջ բերած մարտահրավերներին մեր միանշանակ պատասխանը ազգային ուժի ու հաստատակամության դրսևորումն էր, որ հաստատություններ կերտեց՝ պետություն, բանակ, շուկայական տնտեսություն, դատաիրավական կառույցներ, քաղաքացիական հասարակություն։
 
Եվ մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հզոր ու կենսունակ սերունդն է։
Իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման դժվարին ճանապարհին` վստահ եմ, հաջողությամբ ու արդյունավետորեն ենք ընդառաջ գնալու փոփոխություններին, անսալով ժամանակի հրամայականին ու դուրս գալով նորի զարգացման ճանապարհ։ Հանուն սերունդների։ Հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի։
 
Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21-ը նաև վերածննդի խորհուրդ ունի։
 
Նրանցից փոխանցված պատգամ ունենք նաև.՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր ժողովրդի գլխին այլևս երբեք չծանրանա բնաջնջման ու կոտորածի վտանգը։ Հավատամք ունենք, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։
 
Մերն համոզմունքն է, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարևորագույն խնդիրներում։
 
Անկախ պետականության օրը՝ մեր հավատի և մեր համոզմունքների խորհրդանիշն է։
Շնորհավո՛ր Անկախության տոնը:
 
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրված է շնորհավորական խոսքում։

  • Կիսվել: