կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բազմաթիվ օրենսդրական ակտեր համապատասխանեցվել են ՍԵՊԱ-ի համաձայնագրի դիրեկտիվներին. Հարությունյան

Բազմաթիվ օրենսդրական ակտեր համապատասխանեցվել են ՍԵՊԱ-ի համաձայնագրի դիրեկտիվներին. Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը կարծում է, որ սփյուռքի մեր հայրենակիցների հետ հարաբերությունները մշտապես ակտիվացման կարիք ունեն, որովհետև անմիջական կապերը ոչ մի կերպ համեմատելի չեն էկրանից այն կողմ տեղի ունեցող առցանց շփումների հետ։

 Հարությունյանը Երևանում կայացած Հայ իրավաբանների համագումարում իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ Հայաստանի ու Եվրամիության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության՝ ՍԵՊԱ-ի համաձայնագրի դիրեկտիվներին։

«Արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, և փոփոխությունները միտված են ՍԵՊԱ-ի դիրակտիվների կատարմանը։ Դրանց մեծ մասը տարբեր բնագավառներում պետական մարմինների գործունեությանն առնչվող կանոնակարգեր են, որոնք պետք է մոտարկվեն, այսինքն՝ մեր օրենսդրությունը պետք է որոշակիորեն համապատասխանեցվի այդ կարգավորումներին։ Այդ գործընթացն, ըստ էության, նոր չի սկսվել, այլ բավականին վաղուց։ Անցած տարիներին բազմաթիվ օրենսդրական ակտեր համապատասխանեցվել են ՍԵՊԱ-ի դիրեկտիվներին։ Այդ պրոցեսը շարունակվելու է առավել կառուցողական և առավել ինստիտուցիոնալ համակարգի վրա։ Նախաձեռնել ենք օրենսդրական բարեփոխումներ, որի շրջանակում արդարադատության նախարարությունում ձևավորվելու է համապատասխան ստորաբաժանում, որը միայն զբաղվելու է հենց ՍԵՊԱ-ի շրջանակում մոտարկումների ստուգումներով»,-տեղեկացրեց Հարությունյանը։

Փոխնախարարի կարծիքով՝ երբ գործադիր իշխանության մարմիններից որևէ մեկը իր գործունեության ոլորտին վերաբերող ՍԵՊԱ-ի որևէ դիրեկտիվին համապատասխանեցնելու նպատակով օրենքներում կամ համապատասխան ենթաօրենսդրական, իրավական ակտերում կանի փոփոխություններ, դրանք կներկայացվեն արդարադատության նախարարությանը, որից հետո համապատասխանությունը կստուգվի փորձագետների կողմից, ովքեր հատուկ նշանակվել են այդ նպատակով։ Հենց նրանք էլ պետք է տան այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է փոփոխություններն իրականացնել, որպեսզի դրանք առավել արդյունավետորեն կիրառվեն։ Գործընթացն ամբողջությամբ համակարգվելու է արդարադատության նախարարության կողմից։

Անդրադառնալով 2022-26 թվականներին նախատեսված դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությանը՝ Հարությունյանը նշեց, որ այն շատ մեծ է՝ ընդգրկելով հիմնական 12 նպատակներ, որոնց ներքո կան 41 ռազմավարական ուղղություններ կոնկրետ ծրագրերով և նպատակներին հասնելու հստակ միջոցառումներով։ Դրանց մեջ անշուշտ մտնում են նաև օրենսդրական բարեփոխումները, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին՝ սկսած վարչական դատավարությունից, վերջացրած քաղաքացիական իրավունքների ամրապնդմամբ։

«Մասնավորապես՝ մայրաքաղաքում առանձնացվել են քրեական և քաղաքացիական դատարանները, որպեսզի հնարավոր լինի իրականացնել մասնագիտացված և խորը ուսումնասիրություններ առաջին ատյանի դատարաններում։ Դա արվել է նաև Երևանի դատարանների ծանրաբեռնվածությունը մի փոքր  բաշխելու համար։ Նաև հնարավոր է դարձել հակակոռուպցիոն եռաստիճան դատական համակարգ ստեղծել։ Բազմաթիվ փոփոխություններ են եղել սահմանադրական բարեփոխումների շրջանակում, որոնց քննարկումներն անցել են բաց եղանակով, դրանց մարդիկ հետևել են առցանց տարբերակով և ունեցել են փոփոխություններն անմիջականորեն գնահատելու հնարավորություն»,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարարը։   

  • Կիսվել: