հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում դատական պրոցեսները զուրկ են որևէ իրավական հիմքից. Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանում դատական պրոցեսները զուրկ են որևէ իրավական հիմքից. Եղիշե Կիրակոսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր տեղի ունեցած հեռավար քննարկման ընթացքում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ ընթացող դատական պրոցեսներին ու ևս մեկ անգամ շեշտել, որ դրանք որևէ իրավական հիմք չունեն:

«Բաքվում ընթացող ապօրինի, շինծու դատական պրոցեսներն ակնհայտորեն բեմականացված են, զուրկ են որևէ իրավական հիմքից: Դրանք ավելի շատ ենթադրում են իրենց քաղաքական գծին օժանդակելուն ուղղված քայլեր: Դատական պրոցեսների ընթացքի վերաբերյալ անհանգստություն ունենալով՝ փորձեցինք դատարանին ներկայացնել որոշակի խնդրանքներ, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, նաև Հայաստանի կառավարությանը տրամադրվի քրեական գործի բոլոր նյութերը: Նաև պահանջ ներկայացրեցինք առ այն, որ եթե դատարանը նմանատիպ քայլերի չդիմի, ապա այս դատական պրոցեսներն ուղղակիորեն, ամենօրյա ռեժիմով խախտում են արդար դատաքննության իրավունքը»,- ասաց Կիրակոսյանը:

Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է երկու միջպետական գանգատ, որը ներառում է գերի վերցված անձանց, նրանց հարազատների, ինչպես նաև անհետ կորածների հարազատների իրավունքների պաշտպանությունը:

Խոսքը վերաբերում է փետրվարին Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատին և մարտին ու մայիսին Թուրքիայի դեմ ներկայացված միջպետական գանգատներին:

  • Կիսվել: