կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, քանի որ այդպես հարմար է գտել մեղադրող կողմը. Միքայել Արզումանյանի փաստաբան

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, քանի որ այդպես հարմար է գտել մեղադրող կողմը. Միքայել Արզումանյանի փաստաբան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հաստատել այն տեղեկությունը, որ Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ 

«Քանի որ արդեն իսկ լուրեր են տարածվել, որ Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, ուստի հաստատում եմ այդ տեղեկությունը։
Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ապացուցողական և քննչական գործողություններն ավարտվել են, այլև՝ որ այդպես հարմար է գտել մեղադրող կողմը»,- այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբանը։ 

Հիշեցնենք` օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:

Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։

  • Կիսվել: