ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բացահայտվել են թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերի ապօրինի շրջանառության նոր դեպքեր

Բացահայտվել են թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերի ապօրինի շրջանառության նոր դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով շարունակվում են բացահայտվել մեծ չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր:

Մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թ. փետրվարի 23-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, Երևան քաղաքի Բագրևանդի փողոցում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարորդը, մեքենայում գտնվող մյուս երեք ուղևորները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության բաժին:

Պարզվել է նշված անձանց ինքնությունը: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է նրբաթիթեղով, ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 12,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ 16 փաթեթ, նարնջագույն և դեղին շուրջ 100 դեղահաբ:

Հայտնաբերված փաթեթներից 1-ում առկա՝ փորձաքննության ենթարկված զանգվածը, ինչպես նաև նախնական զննության և որակական հետազոտության ենթարկված 3 փաթեթիկներում առկա զանգվածները եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված զանգվածի, հաբերի մնացած մասով նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել։

Նշված անձանցից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ այլ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 41-ամյա տղամարդը ձեռք է բերել և իր մոտ պահել առանձնապես խոշոր չափերով՝ 5,57 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2023 թ. փետրվարի 24-ին վերջինիս անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից:

41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում թմրանյութերի ձեռքբերման աղբյուրը, հնարավոր իրացման մեխանիզմները պարզելու, ինչպես նաև վերոնշյալ մյուս անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: