երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ազգականին դանակահարելու համար 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել․  ՔԿ

Ազգականին դանակահարելու համար 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ ազգականի առողջությանը  ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել  28-ամյա երիտասարդին: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում,  «Աբովյան»  բժշկական  կենտրոնից  ՀՀ  ոստիկանության  Կոտայքի  բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ  «որովայնի թափանցող, ուղիղ և բարակ աղիքների վնասումով կտրած-ծակած» ախտորոշմամբ բուժօգնության  է  տեղափոխել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչը:

Դեպքի  առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  34-ամյա տղամարդը  ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ.նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքում բնակվող  ազգականի տանը ծագած վիճաբանության ժամանակ:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նաև միջադեպի  հանգամանքները, այդ թվում շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  Աբովյան քաղաքի բնակիչ է` ծնված 1991 թվականին: Հանցագործության գործիք հանդիսացող դանակը առգրավվել է:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ  հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: