ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը միտված նախագիծը հավանության արժանացավ

ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը միտված նախագիծը հավանության արժանացավ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ հեղինակներն են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արթուր Դավթյանը:

Նախագծի նպատակը ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացումն է: Նախատեսվում է հստակեցնել խորհրդարանական վերահսկողական գործիքները:

Բացի այդ՝ նախագծով նախատեսվում է նաև, որ հանձնաժողովի նախագահը ոչ միայն ընթացք է տալու և պատասխանելու է հանձնաժողովին ուղղված գրություններին, այլ նաև ներկայացնելու է հանձնաժողովի անդամներին: «Այս իմաստով կարևորել ենք հանձնաժողովի նախագահի հաշվետվողականությունը նաև հանձնաժողովի անդամ մյուս պատգամավորների առջև: Հանձնաժողովի մշտական նախագահը պարտավորվում է հանձնաժողովի առաջիկա նիստից առաջ հրավիրվող մասնագետների փորձագետների ցանկը ներկայացնել հանձնաժողովի բոլոր պատգամավորներին: Պատգամավորները դա ընդունելու են ի գիտութուն»,- ասաց Հայրապետյանը:

Նախատեսվում է նաև, որ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցի քննարկումն ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահը պետք է ներկայացնի հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն: Այն պետք է ներառի 5 կետ՝

  • անցկացված հերթական և արտահերթ  նիստերի խորհրդարանական լսումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
  • հանձնաժողովին հասցեագրված դիմումների և դրանց պատասխանների ու արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն.
  • հանձնաժողով մուտքագրված դրական կամ բացասական եզրակացություն ստացած  օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
  • հանձնաժողովի անդամ պատգամավորների հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
  • խորհրդարանական վերահսկողության արդյունքների վերաբերյալ  ամփոփ տեղեկատվություն:

«Մեզ համար կարևոր է իմպերատիվ կերպով սահմանել  և ինստիտուցիոնալ լուծում տալ խնդրին, ինչը կպարտադրի յուրաքանչյուր հանձնաժողովի տարեվերջին  հերթական նիստերի վերջին օրակարգային հարցի ավարտից հետո հանդես գալ սույն հաշվետվողական ելույթներով»,- ասաց պատգամավորը: Հայրապետյանը տեղեկացրեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ քվորում է ապահովվում, երբ ներկա են մշտական հանձնաժողովների առնվազն մեկ քառորդ պատգամավորները: Ասաց՝ կարևոր են համարում, որ մշտական հանձնաժողովները ապահովեն  50+1 ձևաչափը: 

Պատգամավորը նշեց. «Հայտնի փաստ կա, որ նախկինում շատ դժվարությամբ է հավաքվել խորհրդարանը հատկապես մշտական հանձնաժողովներում: Գտնվել է կոմպրոմիսային լուծում, որ մեկ քառորդով կարողացել են քվորումն ապահովել: ԱԺ-ի գործող գումարումը նման  խնդիր չունի, և ես կարծում եմ, որ այս փոփոխությունը ոչ պակաս կարևոր է մեզ համար»:

Այս ամենից բացի՝ նախատեսվում է, որ  յուրաքանչյուր ոլորտային հանձնաժողով կարող է դիմել  բոլոր խմբակցություններին հարցապնդմամբ: Հայրապետյանը չբացառեց, որ առանձին ոլորտային գերատեսչությունների գործունեության վերաբերյալ կարող են գնահատական տալ, թե որքանով է համապատասխանում Կառավարության ծրագրի ընթացքին և որքանով է այն գոհացնում: Մի շարք այլ փոփոխություններին զուգահեռ առաջարկվում է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարներն ունենան խորհրդական: 

Հայրապետյանը, մասնավորապես, ասաց. «Ուսումնասիրվել է մի քանի երկրների միջազգային փորձը: Կարևորում ենք սրանով մշտական հանձնաժողովների ռեսուրսի բարձրացումը՝ իրականացնելու վերահսկողական օրենսդիր գործառույթ: Այն գործառույթները, որոնք պաշտոնի անձնագրով իրականացնում են փորձագետները,  չեն կարող, որովհետև դրանք շատ նեղ մասնագիտական են և չեն կարող քաղաքական բնույթ կրել, ինչը խորհրդականի պաշտոնը զբաղեցնող անձն այս իմաստով չի ունենա»:

ց

  • Կիսվել: