երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով ստուգվում են բոլոր վարկածները, նաև ծնողների կողմից առաջ քաշված վարկածները․ Գլխավոր դատախազ

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով ստուգվում են բոլոր վարկածները, նաև ծնողների կողմից առաջ քաշված վարկածները․ Գլխավոր դատախազ

Ի՞նչ փուլում է Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործը: Հարցին ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին 4 անձ կալանավորված է, նրանց նաև մեղադրանք է առաջադրված անվտանգությունն ապահովելու իրենց պարտականությունները չկատարելու համար:

«Այս պահին տուժողի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել, փորձաքննությունների հետ կապված ունենք անհամաձայնություններ, որոնք քննարկման փուլում են:

Գործը հենց սկզբից գտնվել է դատախազության և իմ անմիջական ուշադրության ներքո: Այս առումով մենք հետևողական ենք, քանի որ կալանքի տակ գտնվող անձինք ունենք, որպեսզի մաքսիմալ արագ վարույթը քննվի, բայց արագություն` չի նշանակում միայն մեկ վարկածի շուրջ քննություն, քանի որ մեզ անընդհատ քննադատում են, որ միայն մեկ վարկած եք քննում: Մեկ անգամ էլ կնշեմ, որ ստուգվում են գործով բոլոր վարկածները: Նաև ծնողների կողմից առաջ քաշված վարկածներն են քննվում»,- ասաց Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նաև ենթադրեց, որ գուցե ավելի կարճ ժամանակում հասցնեն վարույթն ավարտել, որովհետև դեպքը հանրային կարևորություն ունի, և հանրային պատասխաններ են ակնկալվում:

  • Կիսվել: