չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով կալանավորված կապիտանը կշարունակի մնալ կալանավորված

Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով կալանավորված կապիտանը կշարունակի մնալ կալանավորված

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Եղիշե Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական հրդեհը տեղի է ունեցել հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում: Զոհվել է 15 զինծառայող, երեքը տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է ևս մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։

Այս պահին քրեական գործով կա չորս մեղադրյալ:

  • Կիսվել: